Ռուսական ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի Խերսոն քաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս տասը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն։
Նրա խոսքով՝ հարձակման ընթացքում կիրառվել են FPV, հետախուզական, պայթուցիկներ նետող և «Մոլնիա» տեսակի հարվածային անօդաչուներ, ինչպես նաև Shahed կամիկաձե անօդաչուներ։ Վերջիններիս թիրախում եղել են քաղաքի Կենտրոնական և Դնեպրի շրջանները։
Շանկոն հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում ռուսական հարվածների տակ են հայտնվել Խերսոնը և հարակից ևս երեք բնակավայր։
Միաժամանակ Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ մարզում ռուսական վերջին հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել։
Նրա տվյալներով՝ վերջին 24 ժամում մարզի 57 բնակավայրերի ուղղությամբ իրականացվել է ավելի քան հազար հարված։ Վնասվել են առնվազն 110 բնակելի տուն, ավտոմեքենա և ենթակառուցվածքային օբյեկտ։