Ուկրաինական անօդաչուները հարվածել են Նովոռոսիյսկին․ զոհեր և վիրավորներ կան

Նովոռոսիյսկ (արխիվ)

Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին, այդ թվում՝ Նովոռոսիյսկ քաղաքին։ Տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 8-ամյա երեխա, ևս մեկ վիրավոր ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Տուժել է ավելի քան տասը մարդ։

Նահանգապետի խոսքով՝ անօդաչուների բեկորները վնասել են 21 բնակելի տուն և 4 ձեռնարկություն, այդ թվում՝ Անապայում և Գելենջիկում։ Նովոռոսիյսկում փլուզվել է նաև ավտոմոբիլային կամուրջ։

Ուկրաինական աղբյուրների պնդմամբ՝ հարձակման հիմնական թիրախներն էին Նովոռոսիյսկի ռազմական նավահանգիստն ու «Շեսխարիս» նավթային տերմինալը, որտեղ, ըստ նրանց, հրդեհներ են բռնկվել։ ԱՄՆ տիեզերական գործակալության (NASA) արբանյակային մոնիթորինգի հարթակը նույնպես գրանցել է հրդեհի մի քանի օջախ։

Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել ռազմական օբյեկտների վնասման մասին տեղեկությունները, իսկ Ուկրաինան հարձակման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի արել։