150 հազար ֆունտ՝ Լոնդոնում Բենքսիի երեք աշխատանքների մաքրման և անվտանգության համար

Մեծ Բրիտանիա - Բենքսիի որմնանկարը հեռացվում է Արդարադատության թագավորական դատարանի շենքի պատից, Լոնդոն, սեպտեմբեր, 2025թ.

Լոնդոնում Բենքսիի երեք աշխատանքների մաքրման և անվտանգության ապահովման համար բրիտանացի հարկատուները վերջին երկու տարվա ընթացքում ծախսել են գրեթե 150 հազար ֆունտ ստեռլինգ կամ ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար։

Դրանից ամենամեծ ծախսն արվել է անցյալ տարվա սեպտեմբերին Արդարադատության թագավորական դատարանի շենքի վրա արված որմնանկարի հեռացման և անվտանգության ապահովման աշխատանքների վրա՝ ավելի քան 85 հազար ֆունտ։

Որմնանկարը պատկերում է ցուցարարի, որը պառկած է գետնին և ձեռքին արյան հետքերով ցուցապաստառ է պահում, իսկ նրա վրա բարձրանում է մուրճը ձեռքին դատավորը՝ կեղծամով և դատավորի հանդերձանքով։

Այն, որ Թագավորական արդարադատության դատարանի շենքի վրա արված աշխատանքի հեղինակը Բենքսին է, հաստատել է հենց ինքը՝ Instagram-ում հրապարակելով գրաֆիտին՝ նախքան այն ծածկելը։

Ոմանք մեկնաբանել են, որ այս որմնանկարի միջոցով արտիստն արձագանքել է Պաղեստինին աջակցելու համար փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց ձերբակալություններին։ Անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել էր Palestine Action խմբի գործունեությունը՝ այն ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։

Այս տարվա ապրիլին Թրաֆալգար հրապարակի մոտ գտնվող Վաթերլոո Փլեյսում հայտնվել էր մի տղամարդու արձան՝ դեմքը ծածկող դրոշով։ Հետագայում Բենքսին հաստատել է, որ ինքն է այդ աշխատանքի հեղինակը։

Ուեսթմինսթրի քաղաքային խորհուրդը գրեթե 60 հազար ֆունտ է ծախսել անվտանգության արգելապատնեշների, վարչական ծախսերի և աշխատանքը հսկող անվտանգության աշխատակցի համար։

2024 թվականի օգոստոսին Բենքսին պիրանյա ձկներ էր նկարել Լոնդոնի Սիթիի ոստիկանական պահակակետի վրա, որը տեղադրվել էր 1990-ականներին։ Բենքսիի միջամտությունից հետո 2 հազար 200 ֆունտ է ծախսվել ՝ այն հեռացնելու համար։

Բենքսին, որի իրական անունը երբեք պաշտոնապես չի հաստատվել, աշխարհում հայտնի է դարձել իր քաղաքական ենթատեքստ ունեցող որմնանկարներով, այդ թվում՝ 2002 թվականի «Աղջիկը փուչիկով» (Girl With Balloon), 2003-ի «Սերը օդում է» (Love Is In The Air) և 2004-ի «Համբուրվող ոստիկանները» (Kissing Coppers) աշխատանքներով։