Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը քննադատել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ «Սիրիան ապակայունացնելու» մեջ Իսրայելին մեղադրելու համար։
«Սրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ շարունակ խախտել են Սիրիայի ինքնիշխանությունը՝ միաժամանակ ցինիկաբար ուրիշներին դասեր տալով միջազգային իրավունքի մասին», - X-ում գրել է Սաարը։
Իսրայելցի նախարարը նշել է, որ հենց Թուրքիան է «օկուպացրել Սիրիայի հինգ տոկոսը», ռազմական բազաներ է հիմնում այնտեղ, որպեսզի խաթարի Իսրայելի անվտանգությունը։
«Համեմատության համար նշեմ, որ Իսրայելը պահպանում է բուֆերային գոտի, որը կազմում է Սիրիայի տարածքի մեկ տոկոսի ընդամենը մեկ տասներորդ մասը՝ իրեն պաշտպանելու համար ահաբեկչական խմբավորումներից, որոնք փորձում են հարձակվել Իսրայելի վրա Սիրիայի հարավից», - նշել է նա։
«Նախարար Ֆիդանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի պաշտպանվել իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Նման բան չի լինի։ Իսրայելը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր քաղաքացիներին ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար»,- հավելել է Գիդեոն Սաարը։
Թուրքիայի արտգործնախարարը երեկ Անկարայում սիրիացի գործընկերոջ հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի հարավում լուրջ վտանգ են երկրի կայունության ու ինքնիշխանության համար։
«Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները երկրի կայունությանը սպառնացող ամենամեծ սպառնալիքներից են», - լրագրողներին ասել էր Ֆիդանը։
Նախարարը նաև կոչ էր արել միջազգային հանրությանը ավելի ուժեղ ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության վրա, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները և լիարժեք իրականացնեն Իսրայելի և Սիրիայի միջև 1974 թվականին կնքված հակամարտությունների կարգավորման մեխանիզմները։
Իսրայելի արտգործնախարարը քննադատել է թուրք գործընկերոջը՝ Սիրիայի վերաբերյալ մեկնաբանության համար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, արխիվ