Թուրք փորձագետներ. Անկարան շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել Բաքվի հետ

Մեհմեդ Ֆաթիհ Չեյլանը

Ռուբեն Ռուբինյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուն զուգահեռ թափուր է մնում հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը: Երևանը մինչ այս պահը չի տեղեկացրել, թե ով է բանակցելու Անկարայի կողմից նշանակված հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ: Մինչ այդ նորընտիր խորհրդարանում ընդդիմությունը կասկածի տակ է դնում՝ որքանով էին արդյունավետ ավելի քան 4 տարի շարունակված այս բանակցությունները:

«Ձեր՝ Քըլըչի հետ այդ համատեղ հանձնաժողովի կարևորագույն հարցը՝ Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, մնացել է սառույցի վրա գրված, որովհետև Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով»,- ԱԺ-ում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նորընտիր խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց.- «Ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացված է: Եվ չգիտեմ պատճառը, թե ինչու Հայաստանն ու Թուրքիան պիտի հենց վաղը չունենան դիվանագիտական հարաբերություններ և թե ինչու հենց վաղը չպիտի Հայաստան-Թուրքիա սահմանը բաց լինի»:

Թուրք փորձագետները չեն թաքցնում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Թեև Անկարան բանակցությունները սկսելիս խոստացել էր՝ նախապայմաններ չեն լինելու, պաշտոնապես է հայտարարվում՝ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան սահմանները չի բացի.

«Որքան շուտ Ադրբեջանը որոշի ստորագրել, այնքան ավելի լավ կլինի ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլև Թուրքիայի և Վրաստանի համար»,-ասում է Մեհմեդ Ֆաթիհ Չեյլանը։ Նա հայ-թուրքական ձախողված դիվանագիտության մեկ փորձի անձամբ է ականատես եղել, մասնակցել է նախորդ՝ «ֆուտբոլային դիվանագիտությանը», որն այդպես էլ արդյունք չտվեց:

«Այն կմեծացնի տարածաշրջանային համագործակցության հեռանկարը, սա այն է, ինչի կարիքն ունեն այս երկրների ժողովուրդները»,- ասում է Մեհմեդ Ֆաթիհ Չեյլանը:

Հենց նրա պաշտոնավորման օրոք Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում այդպես էլ չվավերացվեցին: Թուրքիան հետքայլ արեց՝ գործընթացը կապելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այսօր, երբ ղարաբաղյան խնդիրն այլևս չկա, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից Սահմանադրությունը փոխել ու հեռացնել հղումը Անկախության հռչակագրին։ Շուրջ 40 տարի Թուրքիայի արտգործնախարարությունում աշխատած պաշտոնաթող դիվանագետը, որն այժմ Անկարայի քաղաքականության կենտրոնն է ղեկավարում, առաջարկում է այդ հարցը թողնել ապագային։

«Ստորագրումից հետո երկու կողմերը իրավական պարտավորություններ կունենան, բացի այդ, երկու երկրները կարող են հուշագիր ստորագրել, որ հռչակագրի հարցը կլուծվի, սակայն ոչ հիմա ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվի առնելով»,- նշում է պաշտոնաթող դիվանագետը:

Հետաքրքվեցինք՝ իսկ ինչո՞ւ Թուրքիան ավելի մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու և այդպիսով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար: Թուրք փորձագետի գնահատմամբ՝ Անկարան չի ուզում խնդիրներ ստեղծել Բաքվի հետ հարաբերություններում, հատկապես, հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական ներկայությունը Թուրքիայում: Ընդգծում է.- «Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա մեծ է, նրանք տարբեր գործիքներ կարող են կիրառել, որոնք կարող են, այսպես ասած, թունավորել երկկողմ հարաբերությունները, այդ պատճառով էլ Անկարան զգույշ է գործում»:

Պաշտոնաթող դիվանագետի խոսքով՝ Անկարան, այդուհանդերձ, որոշ ազդակներ ուղարկում է Բաքու: Այս շարքում է նա դիտարկում Գյումրի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի վերականգնման աշխատանքները.

«Թուրքիայի փոխնախագահի այցը Երևան, Անիի կամուրջը վերականգնելու պայմանավորվածությունը, ենթակառուցվածքները վերականգնելու շուրջ աշխատանքը, այս ամենը կարելի է դիտարկել որպես անուղղակի ճնշում Բաքվի վրա, թե տեսեք՝ մեզ անհրաժեշտ է հասնել վերջնական համաձայնության»,- նկատում է թուրք փորձագետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ

Թեև վերջնական համաձայնություն դեռ չկա, բայց Անկարայում չեն թաքցում՝ կցանկանային սահմանի բացման դեպքում Արաքսի ափին հայերի տեսնել, ոչ ռուսների։ Ընդ որում, այս մասին խոսելիս փորձառու թուրք դիվանագետը մատնանշում էր ոչ միայն սահմանը, այլև երկաթուղին, որը 2008-ից կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին.- «Սահմանի մյուս կողմում կցանկանանք հայ գործընկերներին տեսնել, այլ ոչ ռուսներին: Կարծում եմ՝ ժամանակն է Հայաստանն իր սահմանները կառավարի, Հայաստանը հայերին է պատկանում, չէ՞, այսինքն նրանք պետք է կառավարեն»:

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետն այս մասին մի քանի անգամ է հայտարարել, նաև առաջարկել Մոսկվային հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։ Մոսկվայի մերժումից հետո՝ անցած շաբաթ, վարչապետ Փաշինյանն ավելի կտրուկ արտահայտվեց՝ պնդելով, թե այլընտրանք չկա.

«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով: Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում կքննարկենք»,- հայտարարել էր վարչապետը:

Թուրք փորձագետի կարծիքով տարածաշրջանային խնդիրների վերջնական կարգավորման համար պետք է ավելի արագ գործել, քանի Մոսկվայի դիրքերն ավելի թույլ են տարածաշրջանում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով: Մյուս կողմից, պաշտոնաթող դիվանագետն ինքն էր ընդունում՝ այս պահին, երբ սեղանին են մոտ մեկ տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ու Թրամփի ուղու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջ շարժվելու ուղղությամբ հիմնական քայլը կախված է Ադրբեջանից։