ԱԺ նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը

9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանը՝ 63 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ռուբինյանը հայտարարեց, որ գիտակցում է իր պատասխանատվությունը. «Սա ինձ համար մեծագույն պատիվ է, ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար: Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»:

ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրվել էր միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր հայտարարել էր, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը: «Ուժեղ Հայաստան»-ից էլ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը:

«Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը: