«Որոշել էի մի քիչ ման գամ, հետո տուն վերադառնամ». 14-ամյա Վահեին գտան Գառնու սարերում

14-ամյա Վահեին այսօր կեսօրից հետո գտան Գառնու սարերում։ Երեկ առավոտ էր տնից դուրս եկել, ըստ հրաժեշտի գրության, ճգնավոր դառնալու ծրագրով, բայց տղան այդ մասին հիմա չի խոսում։

«Ուղղակի որոշեցի գնամ, մի քիչ ման գամ, հետո էլի հետ գամ», - ասաց նա։

Որոշել էր, որ վաղը տուն կգնա, բայց գտան այսօր։ Մի եկեղեցու տարածքում է քնել գիշերը, ասում է՝ գազանների չի հանդիպել, կայծակ էր միայն։

Էլի՞ է տնից գնալու: «Դեռ չէ», - ժպտում է Վահեն:

Որ նա տնից դուրս է եկել հրաժեշտի նամակով, առավոտյան տարածվեց։

Վահեն շապիկ է հագնում ու խորան բարձրանում արդեն երկու տարի, դպիր է Նորքի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։

«Դե ինքը ինտերնետով բացում էր, սրբերի վարք էր կարդում, ուսումնասիրում, երևի այդ ազդեցության տակ է էլի, մենք իրեն չենք ստիպել ընդհանրապես։ Ինքը իրենով է էլի այդ ամեն ինչը... ինքն է գնացել ուզել ծառայել եկեղեցում, մենք չենք ստիպել», - ասաց Վահեի մայրը՝ Գայանե Ապիկյանը։

Առավոտից էին ոստիկանները գործի անցել հենց Վահեի նշած Գառնու սարերում, նաև Հայաստանի մյուս վանական համալիրների տարածքում էին փնտրում։ Առավոտյան ավտոբուսի վարորդի զանգը հաստատեց՝ տղան Գառնու հատվածում է։

266 համարի ավտոբուսով Նորքի զանգվածից հասել է Գառնի, անցել մինչև Գողթ։ Բենզալցակայանի տեսախցիկի կադրերում տեսնում ենք ավտոբուսից իջել ու արդեն հոգնած քայլում է տղան՝ մի տեսակ հստակ ուղղությունը չպատկերացնելով։ Նրա ծնողները այս տարածքում սպասում էին Գառնու ձորից սպասված լուրի։

Րոպեներ անց Վահեի հայրը զանգ ստացավ, գտել են։ Տիկին Գայանեն հենց իմացավ, որ որդին գտնվել է, սկսեց բարկանալ նրա վրա։ Այդ ո՞ր հրեշտակը հուշեց 14 տարեկանում վանք գնալ ճգնելու։

Ծնողները մտածում են, որ տղան, այնուամենայնիվ, հասկացավ՝ այնքան էլ ճիշտ չէ այսպիսի արկածով ծնողներին տանջել ու ոտքի հանել հանրապետությունը փրկարարական խմբերով։

Այժմ մտածում են, որպեսզի տղան ինքնուրույն չսուզվի սրբերի կյանքի մանրամասների մեջ, նրան մասնագիտական աջակցություն ցույց տան հոգևորականն ու հոգեբանը։

Ասում եմ՝ որտե՞ղ ես քնել։ Ասում է՝ ես քարի վրա եմ քնել, բայց ոնց որ մի հատ դոշակի վրա, փափուկ քնած լինեի», - մայրիկին այնքան էլ դուր չի գալիս, որ Վահեին շատ է դուր եկել քարի վրա քնելը ու ոչինչ չուտելով կշտանալը։ Բայց տիկին Գայանեն ասում է՝ եթե տղան որոշի հոգևորական դառնալ, թող մեծանա, դառնա հոգևորական ու տեղը անպայման ասի։

Տղայի ուսապարկում դպիրի շապիկն էր, որի վրա խոտեր կային, հասկացանք, որ դրանով է շրջել, պայուսակում մեկ էլ Նոր կտակարանն էր, մի սրբապատկեր ու հաց: