Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ 13 զոհ կա

Ռուսաստանը գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ։

Մայրաքաղաք Կիևում 1 զոհ կա, ևս երկու մարդ վիրավորվել է, մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։

Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ 5 և 12 տարեկան երկու աղջիկ, ութ մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, և իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում ևս զոհեր կան։

Լվովում ռուսական հրթիռների հարվածից վնասվել է երկու բազմաբնակարան շենք, վիրավորվել է 15 մարդ։ Փրկարարները շարունակում են աշխատել փլատակներում։

Հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին և պատսպարվել։

Ռուսական հարվածներին նախորդել էին ուկրաինական անօդաչուների գրոհները Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարանների վրա։