Ուկրաինական դրոնները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, հաղորդում են ռուսական և ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքները։
Ռյազանի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն հինգ գործարաններից է և ապահովում է երկրի նավթավերամշակման ընդհանուր ծավալի մոտ 5 տոկոսը։ Այն նախկինում ևս մի քանի անգամ հարձակման է ենթարկվել։
Ռյազանի մարզպետ Պավել Մալկովի փոխանցմամբ՝ դրոնների բեկորների ընկնելու հետևանքով արդյունաբերական տարածքներում հրդեհ է բռնկվել։ Վեց մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանի երկնքում խոցվել է շուրջ 60 դրոն և մեկ հրթիռ։ Տագանրոգում հրթիռի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, ինչի հետևանքով մեկ կին զոհվել է, երկու տղամարդ՝ վիրավորվել։
Վնասվել են նաև առանձնատներ, իսկ արտադրական տարածքներում և Տագանրոգի նավահանգստում հայտնաբերվել են անօդաչուների բեկորներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վրա ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական 295 դրոն։