14 րոպեանոց լսումներ՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելուն ընդառաջ

Ընդամենը 14 րոպե. այսքան տևեցին ՀԷՑ-ի պետականացմանն ընդառաջ կազմակերպված հանրային լսումները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին մի քանի րոպեն բավարար էր, որ հիմնավորված համարեր, թե ինչու է անհրաժեշտ ռազմավարական օբյեկտ համարվող բաշխիչ ցանցերը ճանաչել հանրային գերակա շահ:

«Մենք տարբեր ենթակառուցվածքների հետ կապված նախկինում էսպիսի որոշումներ կայացրած ենք եղել և սրանք կայացնում ենք էն դեպքերում, երբ որ հանրության շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահի նկատմամբ, ինչպես էս դեպքում է: Էլեկտրաէներգիայի բաշխումը քանի որ կենսական հանրային ծառայություն է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի գործողությունը, անհրաժեշտ է ապահովել բնակչության անխափան էլեկտրամատակարարումը, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեությունը, էներգետիկ համակարգի կայունությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը», - հայտարարեց Դավիթ Խուդաթյանը:

Ռազմավարական այս ենթակառուցվածքի գործունեության խափանումը կարող է առաջացնել սոցիալական, տնտեսական ու անվտանգային հետևանքներ, ներկայացրեց նախարարը: Խուդաթյանը, սակայն, չհստակեցրեց՝ նախկինում արդյոք արձանագրվե՞լ են նման խափանումներ, և կա՞ն կոնկրետ սպառնալիքներ, թե՞ որոշումը հենված է զուտ ենթադրյալ ռիսկերի վրա:

Մի քանի րոպե պետականացման հիմնավորումները ներկայացնելուց հետո պաշտոնյան ամփոփեց. - «Մենք առաջարկում ենք շարունակել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը»:

Փոքրիկ դահլիճում լսումներին մասնակցեցին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ու Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Ըստ նախարարության հաղորդագրության՝ նաև քաղաքացիներ: Ներկաներից ոչ մեկը 14 րոպե տևած լսումների ընթացքում այդպես էլ որևէ հարց նախարարին չուղղեց: Լսումներին ներկա չէին ՀԷՑ-ի սեփականատերերը:

«Ես կուզեի, որ այսօր սեփականատերերը նաև ներկա լինեին, գուցե իրենք էլ հարցեր ունենային: Բայց առնվազն զարմանալի է ու տարակուսելի իրենց վերաբերմունքը այս պրոցեսի նկատմամբ էս փուլում, որովհետև նախորդ փուլերում ինչ-որ ակտիվ մասնակցություն իրենց կողմից տեսել ենք, և, ճիշտն ասած, զարմացա, որ հիմա իրենցից ներկայացուցիչներ, կարծես թե, առնվազն ինձ ծանոթ ներկայացուցիչներ դահլիճում չկան», - ասաց Դավիթ Խուդաթյանը:

ՀԷՑ-ը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած տարվա հունիսին: Դրանից ժամեր առաջ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունների «հարձակումներից պաշտպանելու» մասին, ինչը իրավապահները որակեցին որպես իշխանությունը զավթելու կոչ: Այժմ Կարապետյանի գործը դատարանում է, ՀԷՑ-ը՝ պետականացման շեմին:

Թե ինչու այսօրվա լսումներին ներկա չէին ընկերության սեփականատերերը, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը պնդեց՝ տեղյակ չէ:

«Մենք, այո, ասել ենք, որ պայքարելու ենք, էդպիսի խնդիր չկա, ուղղակի կարող է մարտավարական բան ինչ-որ լինի, էլի, անկեղծ՝ տեղյակ չեմ», - «Ազատությանը» ասաց Ղազինյանը:

«Ազատություն»-ը երկու ամիս առաջ էր գրել, որ Հայաստանի կառավարությունը դեռ վաճառքի փուլում էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ շուրջ 23 միլիարդ դրամ: Այսօրվա լսումներին մասնակցած ֆինանսների փոխնախարարը հաստատեց տեղեկությունը, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է սեփականատերը շահաբաժինը վերադարձներ:

«23 միլիարդ 298 միլիոն 833 հազար 618 ՀՀ դրամով՝ պայմանով, որ ընկերությունը, ընկերության ներկայիս բաժնետերերը ընկերությանը կվերադարձնեն 2016-ից 26 թվականների ընթացքում բաժնետերերին փաստացի վճարած շահութաբաժինների հանրագումարը, որը կազմում է 23 միլիարդ 158 միլիոն 169 հազար 31 դրամ», - ասաց Էդգար Մկրտչյանը:

Ստացվում է, որ պետությունն, ըստ էության, ՀԷՑ-ի համար առաջարկել էր մոտ 145 միլիոն դրամ: Արդյո՞ք այս նույն գումարն է որպես փոխահատուցում վճարվելու սեփականատերերին, լսումներին ներկա պաշտոնյաներն այդպես էլ չասացին, բայց Դավիթ Ղազինյանն այդ գումարը ծիծաղելի որակեց և պնդեց՝ սեփականատերերը շարունակելու պայքարը ՀԷՑ-ի համար: Նրա գնահատմամբ՝ պետությունը Կարապետյանից խլել է բաշխիչ ցանցերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլՆոր որոշում Ստոկհոլմից. Կառավարությունը ոգևորված է, Կարապետյանները հորդորում են չշտապելՀԷՑ-ի սեփականատերերը չեն ընդունելու 380 հազար դոլարով ընկերությունը վաճառելու Կառավարության առաջարկըԿառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար Դատարանը վճռել է՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշման հիմքում ներկայացված ենթադրյալ խախտումների մեծ մասը բավարար ապացուցված չէ«Գործել է զանգովի արդարադատություն». Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող ՍԴ որոշման մասինՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները