Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունը:

Իրանում գտնվող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։

Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որը համակարգում է ճանապարհաշինության ոլորտը, և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։

Նախօրեին էլ Խուդաթյանը հանդիպել էր Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

Իրանի նախարրարն առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տրվել է Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը