Վրաստանում անցած գիշեր ամբողջ երկրում վթարային հոսանքազրկում է տեղի ունեցել։ Հուլիսի 24-ին՝ տեղական ժամանակով մոտ 00:10-ին, էլեկտրամատակարարումն 1 ժամով ընդհատվել էր երկրի ամբողջ տարածքում, հայտնել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգը։
Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել է, որ էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Հոսանքն արդեն վերադարձել է Թբիլիսիի մեծ մասում, ինչպես նաև Մցխեթա-Մթիանեթի մարզում, Քութայիսիի, Ճիաթուրայի, Սաչխերեի, Օնիի և Ամբրոլաուրիի մի հատվածում։
Հոսանքազրկման պատճառով դադարել էր նաև ջրամատակարարման պոմպակայանների աշխատանքը։
Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե վթարի պատճառը Վրաստանի և Թուրքիայի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարն է, սակայն Վրաստանի պետական էլեկտրահամակարգը հերքել է այդ պնդումները։
Ընկերությունից հայտնել են, որ վթարի ճշգրիտ պատճառները դեռ պարզվում են։