WP. Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում ռազմական գործողության հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մալիում «Ալ-Քաիդայի» հետ կապվող «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբավորման» դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաների շրջանում տարաձայնություններ կան՝ արդյոք պետք է ուղղակի ռազմական ուժ կիրառել։ Գործողության հիմնական կողմնակիցներից մեկը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով պատասխանատու Սեբաստիան Գորկան է։

Մալին Արևմտյան Աֆրիկայի Սահել տարածաշրջանի երկրներից է, որտեղ տարիներ շարունակ գործում են իսլամիստական զինված խմբավորումներ։ Երկրում հակամարտությունը սկսվել է դեռ 2012 թվականին և մինչ օրս չի ավարտվել։

Մալին, Բուրկինա Ֆասոն և Նիգերը վերջին տարիներին հայտնվել են զինվորականների իշխանության տակ։ Նրանք հեռացել են նախկին արևմտյան գործընկերներից, հատկապես՝ Ֆրանսիայից, և անվտանգության հարցերում սկսել են ավելի սերտ համագործակցել Ռուսաստանի հետ։

Մալիում 2021 թվականից ռուս վարձկաններ են գործում։ Սկզբում այնտեղ տեղակայվել էին «Վագներ» խմբավորման անդամները, իսկ Եվգենի Պրիգոժինի մահից հետո նրանց փոխարինել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ կապված «Աֆրիկյան կորպուսը»։

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչներից մեկը Մալիում իրավիճակի վատթարացման համար մեղադրել է նաև Մոսկվային՝ պնդելով, որ Ռուսաստանը չի կարողացել արդյունավետ պայքարել զինված խմբավորումների դեմ։

Պենտագոնը տեղեկությունը չի մեկնաբանել։ Սպիտակ տնից միայն հայտարարել են, որ Սահելում ահաբեկչությունը մեկ երկրի խնդիր չէ և դրա դեմ պայքարին պետք է միանան նաև տարածաշրջանի պետություններն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները։