Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է հուլիսի 27-ին արտահերթ նիստ գումարել՝ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների պատճառով։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհան հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը հարվածել է առնվազն երեք քաղաքացիական բեռնանավի։ Նրա խոսքով՝ Սև ծովի առևտրային երթուղիները վտանգելով՝ Մոսկվան իրականացնում է «գիտակցված տնտեսական և մարդասիրական ահաբեկչություն» և սպառնում համաշխարհային պարենային անվտանգությանը։
Սիբիհան զգուշացրել է, որ եթե այդ հարձակումները շարունակվեն, Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի միլիոնավոր ընտանիքներ կարող են բախվել սննդամթերքի գների աճի և սովի վտանգին։
Մինչդեռ Ռուսաստանը պնդում է, թե Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ Սև ծովով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Իր հերթին Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հայտարարում են, որ հուլիսի 6-22-ն ընկած ժամանակահատվածում հարվածներ են հասցրել Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» 196 նավի՝ Ազովի և Սև ծովերում։