Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Ալեքսանդր Սիրսկուն կփոխարինի գեներալ Միխայիլ Դրապատին։
Զելենսկու խոսքով՝ որոշումն ընդունվել է Դրապատիի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարայի և նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսայի հետ քննարկումներից հետո։
Կադրային այս փոփոխությունը տեղի է ունենում Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերից հետո։ Ցուցարարները պահանջում էին վերականգնել պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովին պաշտոնում և պաշտոնանկ անել Սիրսկուն, որի հետ, ըստ Ֆյոդորովի, տարաձայնություններ ուներ բանակի կառավարման, մատակարարումների և պատերազմի վարման մոտեցումների շուրջ։ Զելենսկին հաստատել էր այդ տարաձայնությունների առկայությունը։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ֆյոդորովին առաջարկել է նոր պաշտոն կառավարությունում, որը կապված կլինի պետության տեխնոլոգիական զարգացման հետ։
Ցուցարարները պնդում են, որ ռազմաճակատում Ուկրաինայի վերջին հաջողությունները մեծապես պայմանավորված են Ֆյոդորովի աշխատանքով, մինչդեռ Սիրսկուն քննադատում են պատերազմի վարման հնացած մոտեցումներին հավատարիմ մնալու և անօդաչու թռչող սարքերի դերը թերագնահատելու համար։
Միխայիլ Դրապատին Ուկրաինայում հայտնի զինվորականներից է։ Նա ղեկավարել է ուկրաինական ուժերի գործողությունները Խերսոնի ուղղությամբ, գլխավորել Խարկովի օպերատիվ խմբավորումը և զբաղեցրել ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։ Նշանակման առիթով Դրապատին շնորհակալություն է հայտնել Զելենսկուն վստահության, իսկ Սիրսկուն՝ կատարած ծառայության համար՝ ընդգծելով, որ աշխատելու է «պատասխանատվությամբ, կենտրոնացված և հարգանքով նրանց նկատմամբ, ովքեր այսօր պաշտպանում են Ուկրաինան»։