Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբույծները հավաքվել են կառավարության շենքի առջև և հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Նրանք պնդում են, որ այս պահին չեն կարող հայկական ձուկ արտահանել եվրոպական շուկա և ոլորտը կառավարության լրացուցիչ աջակցության կարիքն ունի։ Ձկնաբույծների խոսքով՝ վարկային պարտավորություններ ունեն, իսկ որոշ տնտեսություններ կանգնած են փակվելու և ձկնաբուծարանները կորցնելու վտանգի առաջ։
«Վանկա Ռիթեյլ» ձկնաբուծարանի սեփականատեր Ռաֆայել Պողոսյանի խոսքով՝ ավելի քան երկու ամիս արտադրական գործընթացը կարողացել են մասնակի պահպանել միայն սեփական միջոցների հաշվին։
Նա նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ ձկնաբույծները հանդիպել են էկոնոմիկայի նախարարությունում, իսկ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ։
Պողոսյանի պնդմամբ՝ անցել են բոլոր անհրաժեշտ ստուգումները, և հայկական իշխանի որակի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։
Նրա խոսքով՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ քննարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ պետք է մշակվի ձկնաբույծներին աջակցության ծրագիր, որպեսզի արտադրողները կարողանան հաղթահարել այս փուլը և շարունակել աշխատանքը մինչև այլ շուկաների հասանելի դառնալը։
Պողոսյանը նաև նշել է, որ արդեն երկու ամիս է՝ ձկնաբուծության ոլորտը համարվում է բարձր ռիսկային գոտի, սակայն ֆինանսավորման ծրագրեր չեն դիտարկում։
«Ձկնաբուծությունը համարում են կարմիր գիծ, այսինքն՝ ռիսկային գոտի և ոչինչ չեն դիտարկում։ Տարիների ընթացքում ձկնաբուծական համայնքը պետությունից որևէ աջակցություն չի ստացել։ Վերջին տասը տարիներին տարբեր ֆորսմաժորային իրավիճակների միջով ենք անցել՝ եղանակային պայմաններ, փոխարժեքի տատանումներ, պատերազմներ։ Այդ ամենը ձկնաբույծը միայնակ է հաղթահարել՝ ոչինչ չխնդրելով պետությունից։ Բայց այս փուլում այլևս դիմանալ հնարավոր չէ», - ասել է նա։
Հավաքվածներին առաջարկվել է նամակ հանձնել կառավարությանը, սակայն, նրանք պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ: