Երևանում կրակոցներ են հնչել. Մուրացան փողոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 20-ամյա երիտասարդ, վիրավորվել՝ 15-ամյա պատանի։ Դեպքից ընդամենը օրեր առաջ էլ Վաղարշյան փողոցում հրազեն էր կիրառվել ցերեկային ժամերին։
30 կրակոց՝ Մուրացան փողոցում
Մուրացան փողոցում ժամը 21:30-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 30 կրակոց է հնչել։ Տարեց կինն «Ազատությանը» պատմեց՝ աղմուկից հետո պատուհանից է տեսել, թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն պատգարակի վրա դնում, ծածկում դեմքն ու տեղափոխում շտապօգնության մեքենա։
Տարածքի բնակիչները, մատնացույց անելով ճանապարհին փակցված «Վահե 20» գրությամբ սգո ժապավենն, ասում էին, որ զոհվածը նա է՝ 20-ամյա տղան։ Դեպքի վայրից մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա մի պատանի։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ մեկ անձ ձերբակալվել է։ Արդյոք նա՞ էր կրակոցներ արձակել, կոմիտեից չմանրամասնեցին։
Նույն օրը դեպքի վայր հասած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր՝ միջադեպի ժամանակ մարտական երկու նռնակ է գործադրվել, որոնցից մեկը պայթել է, մյուսը՝ ոչ։
Նռնակի մասին տարեց կինն էլ էր լսել. «Ասեցին՝ դուրս գամ տնից: Ասեցին՝ այնտեղ ինչ-որ բան են գցել, այդ պադվալը. իրենց մոտ, որ հանկարծ չպայթի։ Ես էլ դուրս եկա, փողոցում կանգնած, ով ինչ խոսում էր, դա էի լսում, ուրիշ ոչ մի բան։
Վաղարշյան փողոցի բակերից մեկում տուժածը ձերբակալվել է, կրակողը դեռ հետախուզվում է
Արյունալի այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ, հուլիսի 12-ին, Վարդավառի օրը, կրակոցներ են հնչել նաև Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ատրճանակով զինված տղամարդը մտնում բակ, մոտենում մի տղամարդու, հարցնում՝ «դու ո՞վ ես» ու կրակում ոտքին։
Տուժածի հարազատը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, «Ազատությանը» պատմեց, որ այդ օրը հայր ու որդի մեքենան տարել էին այդ բակում գտնվող ավտոլվացման կետ։ Զինված տղամարդը, ըստ նրա, հայտնվել է բակում, մի քանի երիտասարդների անուններ հնչեցրել ու նրանց փնտրել։
Մեր զրուցակցի խոսքով՝ իր հարազատը անծանոթ տղամարդուն միայն հորդորել է զենքն իջեցնել, քանի որ բակում երեխաներ են խաղում։ Դրանից հետո, ըստ նրա, զինված տղամարդը կրակել է նրա ոտքին։ Տեսնելով դա տուժածի որդին նստել է մեքենայի ղեկին և վրաերթի ենթարկել կրակողին, այդպես փորձելով նրան զինաթափել, պատմում է տուժածի հարազատը։
«Ազատության» տեղեկություններով՝ դրանից հետո զինված տղամարդը փախուստի է դիմել և իրավապահները դեռ չեն հայտնաբերել նրան։ Քննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք մարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, խուլիգանության հոդվածներով։ Կրակոցներ արձակած անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, սակայն նա դեռ չի հայտնաբերվել։
Քննչականից ասում են՝ հետախուզում չի էլ հայտարարվել, այս փուլում միայն ձերբակալման որոշում է կայացվել։ Վրաերթ արած վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ տուժած տղամարդը ձերբակալվել է։
Երեկ կեսգիշերին ոստիկանական ուժեղացված ծառայություն էր Երևանում լրատվամիջոցներն էին ֆիքսել ոստիկանական բազմաթիվ մեքենաներ, արդյոք այս դեպքից հետո՞ են ոստիկանները որոշել ուժեղացված ռեյդ անել, Ներքին գործերի նախարարությունից ասացին՝ ոչ, ոստիկանական հերթական ուժեղ հսկողությունն էր։
Նախկին փոխոստիկանապետն այս ռեյդերը ուշացած է համարում
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն այս ռեյդերը ցուցադրական է համարում և ուշացած։ Ասում է՝ քանի դեռ կրիմինալն իր ծոծրակին չի զգում վախը, որ իրավապահների ուշադրության տակ են, շարժի դեպքում միանգամից կիդենտիֆիկացվեն, ձեռքի տակ ունեցած զենքերով միշտ էլ փողոց են դուրս գալու։
«Քրեական հետախուզության ստորաբաժանումները կադրային ռեֆորմի անհրաժեշտություն ունեն։ Վախի մթնոլորտը, կրիմինալը վախենա ուժային կառույցների, ֆիզիկական ներկայացումից անգամ, այդ ժամանակ կզգացվի», - ասաց նա։
Նախորդ ամիս էլ կենցաղային վեճն էր վերածվել կրակոցների, չորս մարդ վիրավորվել էր, ձերբակալվել էր միայն մեկը։ Ամիսներ առաջ էլ Աջափնյակում էր արյունալի հրաձգություն տեղի ունեցել։
Հերթական այս կրակոցներից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր՝ 2025-ին Հայաստանում հանցագործությունների և հարուցված վարույթների թիվը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին հինգ տարիներին Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 75 տոկոսով, իսկ հրազենի կիրառմամբ կատարված դեպքերի թիվը՝ 83 տոկոսով։
Նախկին փոխոստիկանապետն էլ շեշտում է՝ պատժի անխուսափելիությունն է կրիմինալին փողոց հանում։
Այս ընթացքում ոտքից վիրավորում ստացած տղամարդու հարազատն էլ տարակուսած է, ինչպե՞ս օրը ցերեկով փորձանքի մեջ ընկան իր հարազատն ու նրա որդին, բայց վերջում հենց նրանք հայտնվեցին ոստիկանությունում, իսկ կրակողը դեռ հետախուզվում է, չկա։