ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 16-ի երեկոյան նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածները շարունակվում են վեցերորդ գիշերն անընդմեջ և նպատակ ունեն «ավելի թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»։
Իրանական պետական Press TV-ն, սակայն, պնդում է, որ հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտներ։ Ըստ հեռուստաընկերության՝ թիրախավորվել են Հորմոզգանի նահանգի երեք կամուրջներ, Բանդար Աբբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասի և Իրանշահրի օդանավակայանների մերձակայքը։
Իրանական լրատվամիջոցները նաև պայթյունների մասին են հայտնել Բուշերում, որտեղ գտնվում է երկրի միակ քաղաքացիական ատոմակայանը։
Press TV-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով երեք մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Ծոցի երկրները հայտնում են իրանական հրթիռների և անօդաչուների հարձակումների մասին
Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկրի բանակի հետ համատեղ հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ անօդաչուների թիրախում են եղել Բահրեյնի Սախիր ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուղղաթիռներն ու հետախուզական ինքնաթիռները։
Քուվեյթի բանակը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում իրանական հրթիռների և անօդաչուների հարձակումը։ Բահրեյնի իշխանություններն էլ հայտարարել են վտանգի ազդանշանների միացման մասին։
ԱՄՆ-ն ու Իրանը հունիսի 17-ին շրջանակային համաձայնություն էին ստորագրել, որը նախատեսում էր դադարեցնել ռազմական գործողություններն ու վերացնել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Սակայն հունիսի 25-ին իրանական կամիկաձե անօդաչուն հարվածել էր նեղուցով անցնող քաղաքացիական տանկերին, ինչից հետո ԱՄՆ-ը վերսկսել էր հարվածներն Իրանի ուղղությամբ։