Առողջ ապրելակերպը խրախուսող միավորներ՝ առողջապահական ապահովագրության շրջանակում

Մարզասրահ, արխիվ

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը կառավարության նիստում ներկայացրեց առողջ ապրելակերպը խրախուսող բոնուսային համակարգը, որը նախատեսվում է ներդնել համապարփակ առողջապահական ապահովագրության շրջանակում։

Նրա խոսքով՝ եթե ապահովագրված անձի անվամբ տվյալ տարվա ընթացքում, բացառությամբ սկրինինգային և կանխարգելիչ այլ ծառայությունների, ապահովագրական այլ հատուցում չի գրանցվել, ապա նրա հաշվին կփոխանցվեն նախնական բոնուսային միավորներ։ Դրանց հաշվարկման կարգն ու չափերը կսահմանվեն առողջապահության նախարարի հրամանով։ Միաժամանակ, վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տվյալ տարվա ապահովագրավճարի 10 տոկոսը:

Փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ կլինեն նաև լրացուցիչ չափանիշներ։ Եթե ապահովագրված անձը կամավոր դոնոր է կամ պոլիկլինիկայի բժիշկը նրա առողջ ապրելակերպին ուղղված դրական փոփոխություններ է արձանագրում, օրինակ՝ քաշի նորմավորում կամ ծխելուց հրաժարում, ապա կկիրառվեն լրացուցիչ գործակիցներ, որոնք կավելացնեն բոնուսային միավորները։

Կուտակված միավորները տարվա ավարտից հետո հնարավոր կլինի օգտագործել տարբեր նպատակներով՝ ապահովագրավճար վճարելու, կամավոր բժշկական ապահովագրության փաթեթ ձեռք բերելու, մարզասրահների և լողավազանների բաժանորդագրությունների, ինչպես նաև առողջապահական ծառայությունների համավճարների համար։

Նանուշյանը նաև օրինակ բերեց, թե ինչպես է գործելու ծխելը թողնելու համար նախատեսված բոնուսային մեխանիզմը։ Եթե առաջին այցելության ժամանակ ընտանեկան բժիշկը գրանցում է, որ քաղաքացին ծխող է, ապա ծխելը թողնելուց հետո նա պետք է պոլիկլինիկայում թքի թեստ հանձնի։ Եթե արդյունքը բացասական լինի, կգրանցվի, որ նա դադարեցրել է ծխելը։ Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին թեստ կհանձնի, որպեսզի բացառվի այն իրավիճակը, երբ բոնուսը ստանալուց հետո նա կրկին սկսի ծխել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետագայում դիտարկել նաև այլ հնարավորություններ։ Նրա խոսքով՝ կարելի է ուսումնասիրել նաև բանկային քարտերով կատարված գնումները՝ պարզելու համար, թե քաղաքացին որքան ծխախոտ կամ ալկոհոլ է գնում: Միաժամանակ նա նշեց, որ եթե այդ գնումները կատարվեն այլ անձի քարտով, այդ հարցը ևս հետագա քննարկման կարիք ունի։

Փաշինյանը խնդրահարույց համարեց չծխելու փաստը լաբորատոր ստուգման եղանակով պարզելու գաղափարը, ասաց՝ դա կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել։ Բայց Նանուշյանի ներկայացրած ծրագիրը՝ ուղղված առողջ ապրելակերպի խրախուսմանը, դրական գնահատեց:

Վարչապետը նաև անդրադարձավ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ մտահոգություններին՝ նշելով, որ ամեն անգամ, երբ պետությունը փորձում է ստվերը կրճատելու, կամ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ ներդնելու քայլեր անել, հնչում են պնդումներ, թե հավաքագրվում են քաղաքացիների անձնական տվյալները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց՝ վստահ է, որ մինչև 2029 թվականը առողջապահության ոլորտում նոր մշակույթ կձևավորվի ու բոնուսային համակարգն այդ ուղղությամբ կզարգանա:

Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ միևնույն է սկսելու են կրել առողջական վիճակը վերահսկող սարքեր, և եթե հնարավոր լինի դրանք կապել ընտանեկան բժշկի հետ, կկրճատվեն ավելորդ այցելություններն ու պարբերական չեքափները։ Համակարգը կկարողանա մշտապես տեղեկություն ստանալ մարդու առողջական վիճակի մասին և, անոմալիա արձանագրելու դեպքում, անմիջապես կահազանգի:

«Մարդու առողջության հարց է լուծվում։ Եթե կարողանանք հաղթահարել այն սխալ ընկալումը, թե սա վերահսկողության մեթոդ է, ապա կկարողանանք ունենալ իդեալական թվային և ահազանգման համակարգ, որի նպատակը ոչ թե հիվանդանալուց հետո բուժելն է, այլ հիվանդությունը կանխելը», - ասաց Գրիգորյանը։

Քննարկման ընթացքում Փաշինյանն էլ նշեց. «Հետաքրքիր է, երբ մարդու վիճակը վատանում է, նրան շտապօգնությամբ տեղափոխում են հիվանդանոց, միացնում են տարբեր սարքերի և ասում՝ գնա երկու ամիս քայլիր, հետո արի տեսնենք ինչ արդյունք կա։ Այդ ժամանակ ոչ ոք չի ասում՝ ինչո՞ւ են իմ տվյալները հավաքում։ Բայց երբ առաջարկում ենք միջոցներ, որպեսզի մարդիկ չհիվանդանան, անմիջապես ասում են՝ մեր անձնական տվյալներն են հավաքում»։