Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ, իր ձևակերպմամբ, Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և բաց է հանրության համար։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումն արդեն ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», - հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավարը։

Բայրամովը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ արդեն սահմանազատվել է պետական սահմանի շուրջ 13 կիլոմետր հատված։

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, որ կողմերի միջև կան որոշակի պայմանավորվածություններ, և գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ և լուծում կստանան նաև «անկլավային գյուղերի» հարցերը։

Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև TRIPP նախագծի մասին՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներին՝ կրկին անվանելով այն «Զանգեզուրի միջանցք»։

«Այդ նախագծին աջակցում է նաև ԱՄՆ-ը։ Այդ ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Միևնույն ժամանակ TRIPP-ի մուտքային և ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, այդ պատճառով ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացնում են գործընթացի մասին։ Մեզ տրված խոստումների համաձայն՝ գործընթացն առաջ է շարժվում, այժմ փաստաթղթերի նախապատրաստման փուլն է», - ասել է Բայրամովը։