Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցողը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Նոր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատոիկ ներկայացուցիչ: Այդ մասին գործող խորհրդարանի փոխխոսնակը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել», - հայտարարեց Ռուբինյանը:

«Որքանով տեղյակ եմ, դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի ինձ՝ որպես հայկական կողմի բանագնաց, բայց վարչապետն ու կառավարությունը կքննարկեն», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց 36-ամյա Ռուբեն Ռուբինյանին «Քաղաքացիական պայմանագիր»-ը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց անցած շաբաթ:

Թեկնածու ընտրվելուց հետո «Ազատության» հարցին, թե քանի որ նա ներգրավված է հայ-թուրքական բանակցություններում, հնարավո՞ր է այստեղ որևէ բան փոխվի, թե՞ ոչ, Ռուբինյանն արձագանքել էր. - «Չգիտեմ, չեմ մտածել, որովհետև հինգ րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, հինգ րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ»:

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ Բանագնացները պարբերաբար հանդիպում են, սակայն գլխավոր խնդիրը՝ 30 տարուց ավելի փակ սահմանի վերաբացումը, մնում է չլուծված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանին Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ«Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը