Բելառուսի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են հանգստանալ Բելառուսում՝ Ռուսաստանի փոխարեն

Կրեմլի դաշնակից Բելառուսի իշխանությունները քաղաքացիներին հորդորել են ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստան, հատկապես սահմանամերձ շրջաններ մեկնելուց և հանգիստն անցկացնել Բելառուսում։

Կոչը հնչել է հուլիսի 2-ին Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո։ Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ Մինսկից Ռուսաստանի Սևծովյան Անապա հանգստավայր մեկնող զբոսաշրջային ավտոբուսը սահմանային անցակետի մոտ անօդաչուի հարվածի հետևանքով վնասվել է։ Տուժել է երեք մարդ։

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը նշել է, որ նման ուղևորությունների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Նա քաղաքացիներին առաջարկել է հանգստանալ Բելառուսում՝ նշելով, որ դրա համար երկրում բավարար հնարավորություններ կան։

Ռուսաստանը միջադեպի պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի վրա և քրեական գործ հարուցել «ահաբեկչական գործողության» հոդվածով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը «Ուկրաինսկա պրավդա»-ին ասել է, որ ուկրաինական ուժերը նշված քաղաքացիական տրանսպորտային միջոցի վրա հարձակում չեն իրականացրել և ռուսական մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։