Ընտանիքում բռնություն գործադրած անձը վերականգնողական անվճար ծառայություն կստանա

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է մի ծրագիր, որով բռնություն գործադրած անձին ոստիկանները ոչ միայն կհեռացնեն տնից կամ կարգելեն մոտենալ տուժածին, այլև պարտադիր կառաջարկեն մասնակցել հատուկ ռեաբիլիտացման ծրագրի։

Օրենքում փոփոխություններ անելու՝ կառավարության նախագիծն ԱԺ էր հասել: Ծրագրի ընթացքում մասնագետները կաշխատեն ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ, որ նրանք գիտակցեն իրենց վարքի հետևանքները, սովորեն կառավարել ագրեսիան և հետագայում չկրկնեն բռնությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ասում է՝ հաղթած երկու ՀԿ-ներ, որոնք պետական դրամաշնորհ են ստացել ու ռեաբիլիտացիոն այդ ծրագիրն իրականացնում են, շահառուներ ունեն.

Տաթևիկ Ստեփանյանը

«Այս պահին 10 քաղաքացի ունենք, որոնք կամավոր կերպով միացել են այս ռեաբիլիտացման ծրագիրն անցնելուն: Հիշեցնեմ, որ այս պահի կարգավորումներով, դեռևս պատգամավորական նախաձեռնությունը հաշվի չառնելով, միայն նախազգուշացում ստացած քաղաքացիներն են կարողանում կամավոր դիմել և անցնել ռեաբիլիտացման ծրագիր: Մենք հիմա ավելացնում ենք նաև այն անձանց, ում նկատմամբ ոստիկանությունը կկիրառի նաև անհետաձգելի որոշում, որովհետև այս մասը բաց էր մնացել օրենքում»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած դրամաշնորհային ծրագրի հաղթողների թվում է նաև «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն, որի նախագահ Գայանե Հովակիմյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի երկարամյա փորձագետ է։ Միջազգային փորձին ծանոթանալուց հետո եզրահանգել է՝ Հայաստանում էլ կա այս ծրագրի կարիքը: Ասաց՝ բարդ է բռնություն գործադրած անձին համոզել, բացատրել, որ ինքը պետք է ռեաբիլիտացիա անցնի, բայց, նշում է՝ աշխարհն այսպես է առաջ գնում.

Գայանե Հովակիմյանը

«Բավականին մեծ են նաև հրաժարվողները։ Օրինակ, հարցնում են՝ ինչ է դա, ովքեր եք, ինչ եք անում: Այսինքն՝ այդ անորոշությունը, տագնապը կա: Իհարկե, բոլոր դեպքերում և՛ անձի կոնֆիդենցիալությունը, և՛ ծրագրի իրականացումը շատ ապահով է, որևիցե ռիսկեր չկան, բայց դեռևս այդ մտավախությունները շատ են»,- նկատում է Գայանե Հովակիմյանը:


Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ի համեմատ, 2025-ին ընտանեկան բռնության դեպքերը 27 տոկոսով աճել են: Ամենամեծ աճը գրանցվել է Երևանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն ԱԺ ամբիոնից աջակցության ծրագրերից օգտվողների թիվ հնչեցրեց.

«Նախորդ տարի 2137 անձ ծառայություն է ստացել պետության պատվիրակմամբ ընտանեկան կենցաղային բռնության ծառայություն մատուցող հասարակական կազմակերպությունների կողմից, նրանցից 196-ը ծառայություն են ստացել պետական ֆինանսավորմամբ իրականացվող ապաստարաններում, և նրանց մեջ, բնականաբար, եղել են անչափահասներ, որոնք եղել են կանանց խնամքի»։

Կառավարության դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է նաև «Արդարության նոր մշակույթ» կազմակերպությունը։ Համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը նույնպես տասնամյակների փորձ ունի այս ոլորտում, ասում է՝ իրենք էլ մարզերում կաշխատեն ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ։

Զարուհի Հովհաննիսյանը

«Բռնություն գործադրած անձինք որոշակիորեն մնում են տեսադաշտից դուրս այն իմաստով, որ նրանք փաստացի կարող են շարունակել իրենց վարքը, եթե ոստիկանությունը որոշակի միջոց կիրառի, և այդ միջոցն անցավ, այլևս իրենք մնում են տեսադաշտից դուրս: Իսկ ծրագրի շրջանակում հնարավորություն կա վարքային փոփոխություն արձանագրել, որպեսզի ինքն ուղղակի չշարունակի այդ բռնությունը»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

Ծրագիրը ֆինանսավորվելու է պետական միջոցներով, իսկ Եվրոպայի խորհուրդը կտրամադրի մասնագիտական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրում ներգրավված մասնագետները կվերապատրաստվեն ու կստանան համապատասխան լիցենզիա: