11 զոհ Ֆրանսիայում՝ օդանավի վթարից հետո

Ֆրանսիայի Թոմբլեյն քաղաքում ավիավթարի հետևանքով 11 մարդ է մահացել, հայտնել են տեղական իշխանությունները։

Վթարի ենթարկված փոքր ինքնաթիռը պարաշյուտիստների դպրոցի էր պատկանում։ Մահացել են օդաչուն և բոլոր 10 ուղևորները՝ հինգ պրակտիկանտ-պարաշյուտիստ և հինգ հրահանգիչ, հայտնում է Reuters-ը։

Reuters-ի հետ անանուն մնալու սկզբունքով զրուցած ականատեսը պատմել է, որ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում ինքնաթիռը բարձրություն էր հավաքում, երբ շարժիչի ձայնը հանկարծակի դադարել է: Նախքան վթարը ականատեսը հրդեհի, պայթյունի կամ այլ խնդրի մասին վկայող տեսանելի նշաններ չի նկատել։

Շրջանի ղեկավար Իվ Սեգին BFM-ին հայտնել է, որ միաշարժիչ օդանավն ուղղահայաց գահավիժել է դեպի ցամաքը: Վթարը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում, իսկ բեկորները հայտնվել են հեծանվային արահետի վրա:

«Մի քանի մետր այս կողմ կամ այն կողմ, և վթարը կարող էր այլ վնասներ պատճառել», - ասել է Սեգին:

Հայտնի չէ, արդյոք Ֆրանսիայում գրանցվող սաստիկ տապը նպաստե՞լ է միջադեպին:

Ֆրանսիայի ներքին գործերի և տրանսպորտի նախարարները շտապում են դեպքի վայր, տեղեկացրել են ՆԳՆ-ից։