Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Փուրմոհամմադին քննարկել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը:

Նրանք անդրադարձել են նաև տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:

Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

ՀՀ փոխվարչապետը և Իրանի փոխնախագահը ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:

Նախօրեին էլ Իրանի փոխնախագահը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Իրանական կիսապաշտոնական ISNA-ի փոխանցմամբ՝ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Հայաստանում է՝ մասնակցելու Քաջարանի թունելի նախագծի մեկնարկի ծրագրին, որը կառուցվելու է իրանական ընկերության կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում է Իրանի փոխնախագահը, հանդիպել է Փաշինյանի հետ