Խուզարկվել են Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի բնակարանն ու մեքենաները. ի՞նչ էին փնտրում

Հակակառուպցիոն կոմիտեի քննիչներն այսօր առավոտյան շուրջ 2.5 ժամ խուզարկեցին Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի տունն ու երկու ավտոմեքենաները: Սիմոնյանը պատմեց, որ մեքենան իրավապահները կանգնեցրել են ավագանու նիստին գնալու ճանապարհին:

Մեքենաների խուզարկությունը դրսում էր և հնարավոր էր տեսանկարահանել: Մեքենաներից ոչինչ չգտան, իսկ տանն ի՞նչ էին փնտրում. «Ման էին գալիս, ըստ երևույթին, զենք-զինամթերք, ֆլեշկաներ, չիպեր, փաստաթղթեր, ընդամենը հայտնաբերեցին մեկ նոթատետր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում»:

Քննիչները մի փոքր տոպրակ ձեռքներին հեռացան: Հեռախոսներ էին առգրավել, այդ թվում՝ Սիմոնյանի կնոջն ու երեխաներինը:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էր խուզարկությունը: Մի քանի օր առաջ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրությունում նաև Սիմոնյանի անունն էր շրջանառվում: Բայց առայժմ պարզ չէ, թե արդյոք նրան մեղադրանք կառաջադրեն: Չնայած իրավապահների գաղտնալսմանը, Սիմոնյանը բացառեց ընտրակաշառքի հետ առնչությունը:

Գյումրիի ավագանու նիստը տապալվեց

Ավելին՝ պատահական չհամարեց, որ հենց ավագանու նիստի օրն անցկացվեց խուզարկությունը: Նաև իր բացակայության պատճառով Գյումրիում իշխանություն ձևավորած ընդդիմադիր ուժերը չկարողացան քվորում ապահովել ու ավագանու նիստը տապալվեց:

Հակակոռուպցիոնից չմեկնաբանեցին Սիմոնյանի այս պնդումը: Գյումրիի ավագանիում քվորումի համար 17 անդամի ներկայության է պետք: Զարմանալի զուգադիպությամբ այսօրվա նիստը բոյկոտել էր Գյումրիում արտահերթ ընտրությունների ձգտող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ինչո՞ւ. անձամբ ՔՊ-ականներից պարզել չհաջողվեց, նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, բայց ավելի ուշ խմբակցությունը հայտարարեց, թե նիստը բոյկոտել են, որովհետև մերժվել է իրենց սուբվենցիոն հայտերի առաջարկը: ՔՊ խմբակցությունը սրան զուգահեռ առաջ մղեց վարչապետ Փաշինյանի թեզը, թե անցած տարի ընտրված Գյումրիի իշխանությունները քաղաքը վատ են կառավարում և պետք է հեռանան:

«Եռագլուխ դաշինքի ներկայացուցիչների գնահատականը գյումրեցին տվել է հունիսի 7-ին։ Իր գնահատականը գյումրեցին տվել է նաև մեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 50 տոկոսից ավել ձայն տալով։ Գյումրու և գյումրեցու շահերն արհամարհող, Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան», - ասված է հայտարարությունում։

«Եռագլուխ դաշինք» ՔՊ-ականներն անվանում են խորհրդարանական ընտրություններին մասնակցած Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր ուժերին: Ընդդիմադիր ուժերը իրենց հերթին իշխող ուժին են մեղադրում Գյումրիում կառավարման արհեստական ճգնաժամ ստեղծելու համար:

Ընդդիմադիր «Մեր քաղաքը» խմբակցության տնային կալանքի տակ գտնվող ավագանու անդամի մանդատն այսօր երեկոյան է հաջորդ համարին փոխանցվելու: Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը պնդեց՝ նիստերը տապալելու իշխանության սցենարը չի գործում:

Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, մնացածը ընդդիմությանը: Իսկ հնարավոր իշխանափոխության համար մի քանի սցենարներ կան. օրինակ, ՔՊ-ն պիտի կարողանա մյուս ուժերից մարդկանց ներգրավել իր կողմն ու ձայների առավելություն ստանալով անվստահություն հայտնի գործող իշխանությանը, կամ մեկ նստաշրջանում նիստերը պետք է տապալվեն, կամ էլ Գյումրին պետք է խոշորացվի, որպեսզի նոր ընտրությունների հիմք լինի:

Այն, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում մտադիր են արտահերթ ընտրությունների գնալ, վարչապետ Փաշինյանը բաց հայտարարել է և նախընտրական և հետընտրական շրջանում: Բայց թե այս սցենարներից որ մեկը կկիրառվի, դեռ չի բացահայտում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը չի հրաժարվում Գյումրիում արտահերթ ընտրությունների մտադրությունից