«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի» աջակցության, «հայ կալանավորվածների ճակատագրի, նրանց ազատ արձակման», «հայկական կրոնական և մշակութային ժառանգության» մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էլիզա Մարտենն է գրավոր հարց հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ հիշեցնելով պաշտոնական Փարիզի հայտարարությունները և հետաքրքրվելով, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ֆրանսիական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը պաշտպանելու, Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ֆրանսիական խորհրդարանի պաշտոնական կայքէջում հունիսի 23-ին հրապարակված «անհիմն պատասխանները վկայում են այն կողմնակալ մոտեցման մասին, որը նրանք երկար ժամանակ ցուցաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։
Բաքուն պնդում է՝ չնայած ֆրանսիական կողմը ներկայանում է որպես խաղաղ գործընթացի կողմնակից, բայց Փարիզի շեշտադրումը Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության վրա ու աջակցությունը Եվրամիության դիտորդական առաքելությանը «փաստում են, որ Ֆրանսիան հեռու է տարածաշրջանում չեզոք լինելուց»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վկայաբերում է նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, պնդելով, թե նման քայլերը «խրախուսում են ռևանշիստական տրամադրությունները և վնասում հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Դա, ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի, «ևս մեկ անգամ փաստում է, որ Փարիզը դեռևս դժվարությամբ է ընդունում տարածաշրջանի նոր իրողությունները և Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը նպաստելու փոխարեն շարունակում է առաջնորդվել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներով»։
«Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությանը, այնպես էլ նրա՝ որպես հուսալի գործընկերոջ կերպարին»,- պնդել է Հաջիզադեն: