Որ ընտրությունների թեման քննարկում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, նվաստացուցիչ չէ, Ադրբեջանի հետ՝ նվաստացուցի՞չ է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ ինքն է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկի՝ կա հանդիպման անհրաժեշտություն, թե ոչ:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ո՞ւմ նախաձեռնությամբ էր տեղի ունեցել Գրիգորյան-Հաջիև հանդիպումը:

«Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը: Մենք ինչպես և պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ», - ասաց Փաշինյանը:

«Ազատությունը» վարչապետից հետաքրքրվեց՝ «արդյոք Հաջիևի հետ հանդիպմանը հայկական կողմը բացատրե՞լ է Բաքվին, որ ավելի քան կես միլիոն մարդ ընդդիմությանն ընտրել է ընտրակաշառքով, եթե այո, Դուք նորմա՞լ եք համարում, որ Հայաստանի ընտրությունները, ներքաղաքական կյանքը Բաքվի հետ քննարկվի, սա չի՞ նվաստացնում երկրի պետականությունը»։

«Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել: Մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հիմնականում դրա մասին է՝ կողմերն իրենց դիրքորոշումներն իրար համար պարզաբանում են: Այն, ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկ ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բոլոր բանակցությունները, առանց բացառության, հենց դրա մասին են միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են: Ինչո՞ւ միայն այդ հարցերը, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր, այն, ինչ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք: Տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկման, ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, քննարկել ենք տարբեր հարցեր», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց՝ «մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում». «Մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում էլ, այդ թվում՝ ընտրությունների քաղաքական հետևությունները և ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների հետ առանց բացառության կիսում ենք, դա նորմալ պրակտիկա է: Որ ասում եք՝ դա նվաստացուցիչ չի՞, ես որ թարգմանում եմ, կարա հնչի այսպես՝ իսկ պետություն լինելը նվաստացուցի՞չ է, թե՞ չէ, որովհետև բոլոր պետությունները զբաղվում են դրանով: Որ այդ թեմաները քննարկում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, դա նվաստացուցիչ չի, երբ որ Ադրբեջանի հետ ենք քննարկում, դա նվաստացուցի՞չ է»:

Հայտարարելով, որ շատ կարևորում է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ կարևորում եմ նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում, և ոչ թե դրանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ: Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»:

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել էին Դիլիջանում, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր». Փաշինյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևի օգնականը Հայաստանում՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը