Դիտորդների անկախ խումբը կրկին ահազանգում է՝ «Նուբարաշեն» բանտի պահման պայմանները անմարդկային են, հատկապես՝ նկուղային հարկերը, որտեղ տեղակայված են պատժախցերն ու հացադուլավորների խցերը:
«Մեղմ ասաց՝ անմարդկային վերաբերմունք է, եթե ավելի կոպիտ որակենք, խոշտանգմանը հավասարեցված վերաբերմունք է», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Դիտորդական խմբի անդամներն օրերս այցելել են Նուբարաշենի բանտ, տեսակցել նաև հացադուլ հայտարարած երեք բանտարկյալներին: Զարուհի Հովհաննիսյանը պատմում է, որ երեքն էլ համաձայն չեն իրենց մեղադրանքի հետ: Մեկն ավելի քան տասն օր է սնունդ չի ընդունում, մյուս երկուսը՝ ավելի քան մեկ ամիս:
Ինչո՞ւ արդեն բանտարկված, ազատությունից զրկված քաղաքացին բանտում պետք է կրկնակի պատիժ կրի՝ Հովհաննիսյանն ընդգծում է՝ պահման վատ պայմաններով հավելյալ պատժելը խախտում է մարդու իրավունքները, և պետությունը դրա իրավունքը չունի:
«Խցում ջերմաստիճանը շատ ցածր էր ու խոնավ, ստիպված էին եղել խնդրել տաքացուցիչ այս եղանակին, որպեսզի կարողանան առանց վերարկուների պառկել: Հացադուլի ժամանակ նաև մարմնի ջերմաստիճանն է փոխվում, ջերմազգայունությունն է փոխվում և այլն», - ներկայացրեց Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը նկատում է՝ եթե մարդկանց հիմնական խափանման միջոցը կալանքը չլինի, Նուբարաշենն էլ ազատ խցեր կունենա, ու հացադուլավորներին չեն իջեցնի նկուղային հարկեր, որտեղ ցուրտ է ու մութ, իսկ պատուհան բացելիս էլ խցի զուգարանի հոտին է միախառնվում դրսի աղբի գարշահոտությունը:
«Հատկապես սանհանգույցի տարածքում բավական լուրջ բորբոսային շերտ կա պատերին, որը ևս հակասանիտարական վիճակ էր, իրենց վկայությամբ եղել է, որ ջուր է հոսել այդ տարածք, չորացրել էին, մենք տեսանք նաև շորը, որը գցած էր դռան առջև, քանի որ եղել էր ջրի արտահոսք սանհանգույցից», - ասաց Հովհաննիսյանը:
Օրերս հենց «Նուբարաշենից» ազատ արձակված արցախցի Արթուր Օսիպյանն էր նաև պատմել հացադուլավորների խցի պայմանների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Կանալիզացիայի հոտը սպանում ա». Արթուր Օսիպյանը՝ Նուբարաշենի բանտի մասինԲանտերում դիտորդական խումբը «Նուբարաշեն» այցի լուսանկարները հրապարակեց այսօր: Թեև նախորդ տարիների համեմատ խցերում սալիկներ են հայտնվել, պատերին էլ՝ ներկ, բայց դրանից գարշահոտությունն ու խոնավությունը չի վերացել: Լուսանկարներում երևում են կեղտոտ զուգարանները, ծեփը թափած պատերը, մաշված հատակը:
Նուբարաշենի բանտը պետք է փակվի՝ արդեն տասը տարի հայտարարում են իրավապաշտպանները, բացատրում, որ որքան էլ նորոգվեն խցերը, շենքի խոնավությունը չի անցնում, խողովակները հին են, մաշված: Մինչև փակվելը գոնե կարող են մարդկանց նկուղային հարկերում չտեղավորել, մտահոգված է իրավապաշտպանը:
«Կիսանկուղային հարկ է, կիսով չափ պատուհանները ներքևում ու վերևում, լույսի թափանցելիությունը կարելի է ասել զրոյական է, դա շատ լավ միջավայր է կրծողների, խավարասերների, տարբեր տիպի միջատների և հիվանդությունների տարածման համար:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չնայած ընդունում է բանտերի խնդիրները, բայց անցած շաբաթ պնդեց՝ բարեփոխումներ են անում. «Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք»:
Դիտորդական խմբի վերջին օրերի հաղորդագրություններին ի պատասխան արդարադատության փոխնախարարը պատասխան նամակում «Նուբարաշենի» բանտի խոնավության խնդրի մասին նշել է, որ բանտը կառուցվել է 40 տարի առաջ՝ խորհրդային չափորոշիչների համաձայն: Գևորգ Քոչարյանն ընդգծել է՝ թեև անընդհատ նորոգումներ են կատարվում, միևնույն է, օդափոխության բացակայության պատճառով խոնավությունից չեն կարողանում ձերբազատվել:
Փոխնախարարը նաև նշել է, որ կոյուղու խնդրի դեպքում նաև բանտարկյալները մեղք ունեն՝ այն լցնում են տարատեսակ առարկաներով, նաև հենց դրսի աղբն են կուտակում բանտարկյալները՝ նշված է դիտորդներին ուղղված նամակում: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ հացադուլավորներին արդեն տեղափոխել են բարվոք խցեր: