Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ

Դատախազը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը: «Ազատությունը» փորձում է մանրամասները ճշտել Դատախազությունից:

Դատախազությունը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ միջնորդությունում ազատությունից զրկելու մասին խոսք չկա:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունեն, և Ռոբերտ Քոչարյանն էլ որևէ գործով չի հարցաքննվել:

«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ», - նշել է Միկոլյանը:

Օրերս «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել էին լքել երկիրը։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չեն բացատրում՝ ի՞նչ հիմքով էր արգելվել երկրորդ նախագահի ելքը Հայաստանից: Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում կա միայն մեկ գործով՝ «Մարտի 1»-ով: Իսկ այդ գործով նա երկրից դուրս գալու արգելք չունի՝ «Ազատության» հետ զրույցում ասել էր նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ է արգելվել Ռոբերտ Քոչարյանի ելքը. իրավապահները լուռ են