Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա Նարինեի և 7-ամյա Նանեի որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ փրկարարներին դեռևս չի հաջողվել որևէ հետք հայտնաբերել։
Վանաձորի բնակիչների խոսքով՝ գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ օգտվում են գետի վրայով անցնող խողովակից։ Թեև դրա հարևանությամբ կա նաև հետիոտնային կամուրջ, բնակիչներից շատերը նախընտրում են անցնել խողովակով, քանի որ այդ ճանապարհն ավելի կարճ է։ Նրանց փոխանցմամբ՝ նախորդ տարիներին ևս նման դեպքեր են գրանցվել, որոնք ավարտվել են ողբերգական հետևանքներով։
Պարզ չէ, թե ինչու երեխաները չեն օգտվել հետիոտնային կամրջից։ Երեխաների դպրոցի տնօրենը հայտնել է, որ զրուցել է նրանց մոր հետ։ Մոր խոսքով՝ նախկինում եղել են մեկ-երկու դեպք, երբ երեխաներն անցել են խողովակի վրայով, սակայն նա նրանց զգուշացրել և հորդորել է այլևս չօգտվել այդ ճանապարհից։
Երեխաները կամրջով հանդիպակաց թաղամաս էին գնում ամեն օր՝ սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված «Օրրան» կրթական կենտրոն հաճախելու համար: Շիրակի մարզից տեղափոխված մայրը ապրում էր 5 երեխաների հետ:
Երեխաների անհետացման մասին ՆԳՆ փրկարար ծառայությանը հաղորդվել է երեկ: Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։