Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ հարվածից հետո

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա շարունակվող դրոնային հարձակման հետևանքով վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտներից մեկը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։

Ավելի վաղ ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը կադրեր էր հրապարակել՝ պնդելով, որ հրդեհ է բռնկվել Կապոտնյայում գտնվող գործարանի տարածքում։

Սոբյանինի փոխանցմամբ՝ առավոտյան Մոսկվայի ուղղությամբ թռչող 60 անօդաչու է խոցվել։

Գիշերվա ընթացքում ժամանակավորապես փակվել էին Մոսկվայի չորս օդանավակայանները՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին։ Առավոտյան սահմանափակումները հանվել են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում և բռնակցված Ղրիմում ընդհանուր առմամբ 172 ուկրաինական անօդաչու է խոցվել։