Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրական տեղամասի՝ 12/13-ի քվեարկության արդյունքները:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ 8-րդ համարը Ազգային ժողովրդավարական բևեռն էր:
ԿԸՀ որոշել է թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, արձանագրել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրատեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո։
Թիվ 12/13-ի ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
Այս տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» ուներ 602 ձայն, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 71 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 67, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ուներ 9 ձայն:
ԿԸՀ-ն երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել նաև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում: