Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» պնդում է՝ իշխող ՔՊ-ն չի հաղթել հունիսի 7-ի ընտրություններում: Ընտրական շրջանում «իշխանության կողմից օգտագործված վարչական ռեսուրսի, քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի ու ատելության խոսքի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների» հիմքով «Ուժեղ Հայաստանն» այսօր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Դիմումը ԿԸՀ մուտքագրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ ՔՊ-ի ստացած 700 հազար ձայներից առնվազն 100 հազարը «կասկածի» տակ են դնում, ինչը նշանակում է, որ պետք է լինի ընտրությունների 2 -րդ փուլ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաղթել այդ ընտրություններում, ասեմ ավելին՝ ինչքան ձայն ստացել են, միջազգային փորձում մի շարք երկրներում բավարար էր արձանագրելու համար միայն մեկ հանգամանք, որ պետք է տեղի ունենա ընտրությունների 2-րդ փուլ: Էդ 700 հազարից ավելի ձայնի հետ կապված, 100 հազարից ավելի ձայների հետ կապված ինձ տվեք սպառիչ պատասխաններ, օրինակ, ինչի՞ համար է ստացվում, որ այդ աստիճան շատ ունենում ենք անվավեր քվեաթերթիկներ, որի պատճառահետևանքային կապը տեսնում ենք: Ինչի՞ շուրջ 80 հազար մեր հայրենակիցների անձնագրերը չեն աշխատում», - նշեց Վարդևանյանը:
Սամվել Կարապետյանի թիմակից Արամ Վարդևանյանը նշում է, որ հիմնավոր կասկած ունի, որ այն տասնյակ հազարավոր քաղաքացիները, ում անձնագրերը քվեարկության ժամանակ համակարգը չի ճանաչել և նրանց գրանցումը ոչ թե համակարգով, այլ մասնագետների մուտքագրման եղանակով է իրականացվել, ընտրախախտումների հնարավորություն է տալիս:
«Ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100 հազարի ձայները, կլորացնում եմ, ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու: Արդյոք սա խնդի՞ր է, այո, որովհետև կարգն այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումն անցնելու պայմաններում պատշաճ լինի, եթե պատշաճ չի լինում սա խնդի՞ր է, այո, խնդիր է», - ընդգծեց Վարդևանյանը:
Նախնական արդյունքներով ՔՊ -ն ստացել է 49.82, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.28 տոկոս ձայն:
«Ինչ վերաբերում է խախտումներին, ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Եթե Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար». ՓաշինյանԵթե Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները կեղծելու մեջ, ապա իշխող ՔՊ-ն էլ պնդում է՝ եթե չլիներ ընտրակաշառաքը, ապա ընդդիմադիր ուժերը ընդհանրապես անցողիկ շեմը չէին հաղթահարի:
«Խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երեք ուժը խորհրդարան մտնելու շեմը պետք է չհաղթահարեր: Նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը», - ասել է Փաշինյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը քննարկելու է այս կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու օրը: