Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկու ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվի:
«Ես իրավաբան չեմ, ինչքանով ես տեղյակ եմ, երբ որ ընտրատեղամասի արդյունքները չեղարկվում են, ըստ գործող օրենսգրքի հայտարարում են վերաքվեարկություն: Վերաքվեարկությունից հետո այդ ժամանակ կիմանանք՝ ում ձայներն են պակասել, ում ձայներն՝ ավելացել», - ասաց նախարարը:
«Ես նաև տեղյակ եմ, որ շատ տեղերում, երբ որ բողոքարկվել են, որպեսզի ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները բավականին ավելացել են», - նշեց Մաթևոսյանը:
Նա կրկին շեշտեց, որ իրավաբան չէ, հավելելով. - «Բայց ես ինչքան տեղեկացել եմ իրավաբան գործընկերներից, իրենք ինձ բացատրեցին, որ ըստ կարգի՝ չեղյալ համարելուց հետո պետք է լինի վերաքվեարկություն, բայց խնդրում եմ ինձ հղում չանեք: Կարող եք հարցումներն անել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ իրավաբաններին, ես ուղղակի ասեցի այն, ինչ որ տեղեկացած եմ իմ իրավաբան գործընկերներից»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում: