«Եթե Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար». Փաշինյան

Եթե Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, այդ գործարքին ծնկաչոք ընդառաջ կգար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդին գործարքի առաջարկ եղե՞լ է:

«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ ընդամենն իրեն հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Ծառուկյանը կխնդրի, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ», - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ հարցին, վարչապետն ասաց. «Ես գիտեմ մի բան՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոս օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»:

«Ի՞նչ է նշանակում բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով, որևէ մեկն ուզում է ասի, որ որևէ մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի արդարացրե՞լ է: Ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի հայտարարությունները մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքներին ի պատասխան՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է. «Ցավոք, Հայաստանում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով՝ փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ»։

2020 թվականին ընտրակաշառքի գործը Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցվել էր նրա հայտնի ելույթից բառացիորեն մի քանի օր անց: 2020-ի հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, թե Փաշինյանի կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի: Փաշինյանին սուր քննադատած Ծառուկյանը 2020-ի սեպտեմբերին 25-ին կալանավորվեց՝ երկու ամսով: Տեղի ունեցածը որակելով «քաղաքական պատվեր»՝ նա այդ օրն անգամ դատարան չէր էլ գնացել, այլ ուղիղ կալանքի վայր՝ Ազգային անվտանգության ծառայություն:

Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 22-ին Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ կալանավայրից՝ գրավի դիմաց, ապա հաջորդ ամիս կրկին կալանավորվեց և մի քանի օրից նորից հայտնվեց ազատության մեջ:

Քննությունը ձգվեց շուրջ երեք տարի, և միայն 2023-ին Դատախազությունը հաստատեց ընտրակաշառքի գործով Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն ու այն ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան։

2026-ի մարտի 11-ին՝ վեց տարի անց Գագիկ Ծառուկյանն անմեղ ճանաչվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չոր բանը չի կպնի մարդուն». ինչպես Գագիկ Ծառուկյանը 6 տարի անց արդարացվեց