Նիկոլ Փաշինյանը 2021-ի հաղթանակից հետո երկխոսության կոչ էր անում, այս անգամ սպառնաց

Եթե 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակը տոնելու համար հանրահավաք էր հրավիրում և երկխոսության կոչ անում նույնիսկ իր ընդդիմախոսներին, ապա երեկ՝ քվեարկության արդյունքները դեռ չամփոփված, նա հայտարարեց իր հաղթանակի մասին և սպառնաց ընդդիմությանը:

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն, Հայաստանում չունի աջակցություն, դրանք մարգինալ ուժեր են և առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետք է ոչնչացվեն քաղաքականապես՝ իրենց երեք լիդերներով: Ասե՞լ եմ՝ Ռոբերը Քոչարյանը պետք է բանտում լինի, Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է», - ասաց Փաշինյանը:

Բայց սպառնալիքներից առաջ վարչապետը սաղմոս ընթերցեց: Սաղմոս ընթերցելու և ընդդիմությանը սպառնալու արանքում Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է, միանձնյա կառավարություն կձևավորի:

Գործադիրի ղեկավարն այս պնդումն արեց այն նույն պահին, երբ ընտրական հանձնաժողովը հասցրել էր ամփոփել քվեարկության արդյունքների միայն մի փոքր հատվածը: Սակայն պաշտոնական տվյալների բացակայությունը ոչ մի կերպ չխանգարեց Նիկոլ Փաշինյանի թիկունքում հավաքված ՔՊ-ականներին՝ ծափերի ներքո եզրահանգել. «Նիկոլ՝ վարչապետ»

Ի տարբերություն 2021-ի երեկ իր հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանը հանրային համերաշխության, ընդդիմախոսների հետ երկխոսելու պատրաստակամության մասին չխոսեց: Բանտ ուղարկելուց բացի սպառնաց նաև ունեզրկել:

«Այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով, և քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով ու արագ տեղի ունենա՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմներով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով և ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ ու պիտի նրանք գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Փաշինյանը:

Եվ որպեսզի ընդդիմախոսներին բանտ նետելու իր ծրագիրը չտապալվի, դիմեց նաև դատական իշխանության ներկայացուցիչներին. «Բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարներ անցկացնեն բանտում, սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է, նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել ու նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ ազատության մեջ պետք է չլինեն: Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է՝ մենք պրոբլեմ ունենք դատաիրավական համակարգի հետ, և մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով»:

«Քաղաքացիական պայմանագիրն», ի դեպ, այսօր հանրահավաք էր ծրագրել, ամեն դեպքում քաղաքապետարանին իրազեկել էին դեռ քարոզարշավից առաջ: Հրապարակում այսօր ոչ մի հանրահավաք տեղի չունեցավ: