Լեհաստանը՝ Երևանում անցկացված «Դասական եվրատեսիլ 2026»-ի հաղթող

Լեհաստանի պատվիրակ Միխավ Ստոխելին հաղթեց նախօրեին Երևանում անցկացված «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում։

Ակորդեոնահարը կատարեց Միկոլավ Մայկուսիակի Concerto Classico-ի երրորդ գործողությունը։

Հաղթողին պարգևը հանձնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարությունից հայտնել են, որ միջոցառմանը ներկա էր նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Երկրորդ հորիզոնականում լատվիացի մարիմբահար Սոնյա Միսինյան էր, երրորդ հորիզոնականում՝ Հայաստանի ներայացուցիչ, ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը։

Մասնակցում էին ևս ութ երկիր՝ Կիպրոսը, Պորտուգալիան, Բելգիան, Սերբիան, Շվեդիան, Չեխիան, Շվեյցարիան և Գերմանիան։

Մրցույթը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում։ Այն տեղի էր ունենում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մասնակիցներին նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ժյուրին բաղկացած էր չորս անդամից՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյան, գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուր, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը։

«Դասական Եվրատեսիլ»-ը պատանի երաժիշտների միջև մրցույթ է, որն անցկացվում է 1982 թվականից:

2027-ին «Դասական Եվրատեսիլ»-ը կկայանա Լատվիայում՝ Լիեպայա քաղաքում։