Նոր գործեր նախկին պաշտոնյաների դեմ

Ազգային ժողովի ընտրություններից երկու օր առաջ իրավապահները ձերբակալել են նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ հիմնականում ընտրություններին չմասնակցող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցներին:

Արման Սահակյանը` ընտրակաշառք տալու հոդվածով

Նրանցից մեկը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մեղադրվում է ընտրակաշառք տալու հոդվածով:

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին արդեն կալանավորված է: Ըստ Հակակոռուպցիոնի, նա միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» օգտին է ընտրակաշառք բաժանել: Իրավապահները ձերբակալել են 4 հոգու: Հրապարակված գաղտնալսման մեջ, ըստ Հակակոռուպցիոնի, Արման Սահակյանը փողային զրույցներ է վարել:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները հերքում են իրենց կուսակիցներին ուղղված մեղադրանքները:

«Բնականաբար նաև այս ողջ գործընթացի տրամաբանության մեջ պատահական որևէ բան չէր կարող լինել», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Արմեն Աշոտյանին տեղափոխել են դատարան՝ քննելու երկու ամսով կալանավորելու հարցը

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, տևական ժամանակ մեղադրում է, թե «Ուժեղ Հայաստանը» ռեբրենդինգ արված Հանրապետականն է: Հանրապետականներն այսօր Քննչականի առջև էին, որտեղ հարցաքննվում էր վաղ առավոտյան ձերբակալված կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրան արդեն տեղափոխել են դատարան՝ քննելու երկու ամսով կալանավորելու հարցը:

Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով, ընտրական այս շրջանում իշխանությունների ակտիվ քննադատ ընկերոջ նկատմամբ պարզապես արշավ է իրականացվում:

«Իշխող ուժի ղեկավարը, որն ունի վարչապետի կարգավիճակ, ուղիղ եթերներով, գրառումներով, հայտարարություններով ուղղորդում է իրավապահ, դատական համակարգերին, ըստ էության, գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում», - նշեց Աբրահամյանը:

Իշխանությունները պարբերաբար հերքում են իրենց հասցեին մեղադրանքները, թե միջամտում են իրավապահների գործերին: Մինչ այդ, Քննչականը պնդում է, որ դեռ կրթության նախարար եղած տարիներին Արմեն Աշոտյանը այնպես է արել, որ Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքն օտարվել է այն ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն: Ընդ որում, գույքի արժեքը 208 միլիոն դրամ էր: Ըստ Քննչականի, գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է Խաչատրյանների մտերիմի անունով, հետո մոտ երեք անգամ էժան՝ 75 միլիոն դրամով վաճառվել Գագիկ Խաչատրյանի որդուն: Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը աբսուրդ է որակում մեղադրանքը:

«Էլ ավելի աբսուրդային մեղադրանք է, որևէ ապօրինություն Արմեն Աշոտյանը չի կատարել այս վարույթի հետ կապված ու առհասարակ: Այն ժամանակ, երբ մենք նախաքննական գաղտնիքով կաշկանդված չենք լինի, շատ ավելի դետալային կխոսենք», - ասաց Մելիքյանը:

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Իրավապահներն այսօր հաղորդեցին նաև Սերժ Սարգսյանի իշխանության օրոք տրանսպորտի և կապի նախարարի, ապա Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի ձերբակալության մասին: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Թե կոնկրետ ինչ դրվագի մասին է խոսքը, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում:

Գյումրու քաղաքապետին առնչվող ձայնագրություն

Այսօր Քննչականը հրապարակեց մի գաղտնալսում, որտեղ, ըստ իրավապահների, հոկտեմբերից բանտում պահվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլ անձանց իշխանության յուրացում է նախապատրաստել, բայց իր կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել: Իրավապահները չեն մանրամասնում, թե ինչ հանգամանքներում են արվել այդ ձայնագրությունները:

Ղուկասյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հերքում է, թե դա Ղուկասյանի ձայնն է: Հարցնում է՝ ո՞վ է գաղտնալսել, ի՞նչ իրավունքով, Ղուկասյանն ամիսներ շարունակ կալանավորված է:

«Դա նման չէ Վարդան Ղուկասյանի ձայնին, այս հաղորդագրությունից էլ պարզ չէ, թե ինչ ձայնագրություն է: Բացի այդ Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածն ու իրավական նորմերի կոպտագույն խախտումները արձանագրում են այս հայտարարությունը ու այդ տեսաձայնագրությունը», - նշեց փաստաբանը:

Նոր մեղադրանք Տիրան Խաչատրյանին

Այսօր հայտնի դարձավ նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նոր մեղադրանքի մասին: Նա ազատության մեջ է, մեղադրվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափման օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ փողոց փակած քաղաքացիների վրա եկող ավտոմեքենային հարվածելու համար: Գեներալը մեքենային չի հարվածել, պնդում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, ավելին՝ փորձել է պաշտպանել քաղաքացիներին վրաերթից:

«Հիմա են հիշել, որ էդ արարքը, եթե նույնիսկ տենց բան կատարել է, հիմնավորված չի, կարա խուլիգանություն լինի, խուլիգանության հանցակազմի բովանդակությունը լրիվ այլ է, խուլիգանություն կատարողը հանրության նկատմամբ իր արհամարհական վերաբերմունքն է ընդգծում: Ինքը հակառակը՝ հանրությանը պաշտպանում է հակաօրինական արարքից», - ասաց Հարությունյանը:

Այս արարքը իրավապահները որակել են խուլիգանություն և տուժող են ճանաչել ավտոմեքենայի վարորդին. «Մենք տեսնում ենք ՔՊ-ականների կողմից խուլիգանության ակնհայտ դեպքեր, որին չեն հաջորդում որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոց»:

Դեռ տարիներ առաջ հարուցված վարույթն ինչո՞ւ հենց հիմա՝ ակտիվացրեցին՝ փաստաբանն այս նոր մեղադրանքը պայմանավորում է ընտրական գործընթացով: