44-օրյա պատերազմից վեց տարի անց զոհերի թիվը շարունակում է մնալ վիճահարույց հարց ու պարբերաբար քննարկման թեմա է դառնում տարբեր հարթակներում այս քարոզարշավի ընթացքում, նաև փողոցներում։
Ընդդիմությունը տարիների վեր 5000 զոհի մասին է խոսում։ Իշխանությունն անընդհատ այդ թիվը համարում է ուռճացված, բայց մինչև վերջին կես տարին անընդհատ փոփոխվող թվեր էր հրապարակում:
«Այսօրվա ճշգրտված տվյալով 3815, ներողություն 12 զոհ ունենք»:
«4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունն անելու համար՝ պլյուս-մինուս 50»:
«44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է»:
Իշխանությունը նախորդ տարեվերջին հրապարակեց այլ թիվ և այն այժմ անփոփոխ է։
«2020 թվականին զոհվածների հաստատված թիվը 3833», - հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«44-օրյա պատերազմում զոհվել է 3755 զինծառայող: Սա պաշտոնական արձանագրված թիվ է», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ ընտրապայքարի մասնակիցների բանավեճում Փաշինյանն ի պատասխան «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի մեղադրանքի, թե նա 5000 զոհերի մահվան պատճառ է, հրապարակեց 44-օրյա պատերազմում զոհված միայն զինվորականների թիվը։ Ըստ Քննչականի քաղաքացիական զոհերը 78-ն են եղել։ Այդ երկու թվերի գումարմամբ է ստացվում այս պահի դրությամբ պաշտոնապես հրապարակված վերջին թիվը՝ 3833 զոհ միայն 44-օրյա պատերազմում: Իսկ հետո՞, հարցնում էր Արման Թաթոյանը բանավեճի ընթացքում։
«2018-ից մինչև օրս զոհերի թիվը կազմում է 4273 ներառյալ քաղաքացիական անձինք», - ասաց վարչապետը։
Փաշինյանն այս թվի մեջ ներառում է 2022 թվականի մարտական գործողությունների ու Արցախի հայաթափմանը նախորդող մեկօրյա պատերազմի ժամանակ զոհվածներին: Արման Թաթոյանը պնդում էր՝ զոհերը 5000 են, պետք է հաշվել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացածներին՝ 218 հոգուն:
«Միջազգային ստանդարտները պահանջում են, որ այդ տեղեկությունները լինեն թափանցիկ»
«Փախուստի համար անհրաժեշտ է եղել վառելիք, իսկ վառելիք ստանալու ընթացքում չեն պահպանվել անվտանգության կանոնները», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ մարդիկ պատերազմի ու մահվան սպառնալիքի տակ փորձել են փախչելու համար բենզին հայթայթել և այդ քաոսում զոհվածները նույնպես պատերազմական զոհեր են։ Ըստ Սահակյանի, զոհերի թվի վերաբերյալ շահարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի հրապարակվել հստակ անվանացանկը։
«Միջազգային ստանդարտները պահանջում են, որ այդ տեղեկությունները լինեն թափանցիկ, հրապարակային և ստուգման հնարավորություն տան։ Ստուգելի պետք է լինեն դրանք հանրային վերահսկողության տեսանկյունից։ Կարծում եմ՝ միայն թափանցիկության և տվյալների հրապարակման միջոցով է, որ մենք կարող ենք ընդհանուր հայտարարի գալ թվաքանակի շուրջ», - նշեց նա։
Թե ինչո՞ւ ցուցակ չկա անուն-ազգանուններով, Նիկոլ Փաշինյանը բացատրում էր՝ ոչինչ չեն թաքցնում, զոհերի անունները զինծառայողների ապահովագրության հիմնադրամում են։ Այս կայքում, սակայն, ամբողջական ցանկ լինել չի կարող, որովհետև այդտեղ հատուցում ստացածների տվյալներն են, իսկ քաղաքացիական զոհերը կամ օրինակ մանկատան սաները, որ չունեն հատուցվող հարազատներ, այս ցանկում չկան։
Սիրանուշ Սահակյանը դարձյալ պնդում է՝ միայն անվանացանկով է հնարավոր փակել այս հարցը. «Այն, որ հանրային դիսկուրսում էլ դա չարաշահվում է, արդեն իսկ հիմնավորում է դրանց հրապարակայնացման անհրաժեշտությունը»։