Վրաերթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում. ԲՀԿ-ի հետ մեկ ցուցակով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանի» անդամները պնդում են, որ Ներքին Չարբախում «Քաղաքացիական պայմանագրի» համակիրներից մեկը վրաերթի է ենթարկել քարոզարշավի մասնակիցներին ու մի տղամարդու, որը պարզապես փորձում էր կրքերը հանդարտեցնել:
Ըստ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի՝ այդ տղամարդը հոսպիտալացվել է, իրենց կուսակցության մի քանի անդամներ տարբեր վնասվածքներ են ստացել:
Թեև դեռ նախաքնննություն էլ չի սկսվել, ոստիկանությունը հայտարարել է, թե ԲՀԿ ներկայացուցիչներն են վարորդին հարվածներ հասցնել, ինքը փորձել է փախուստի դիմել, ինչի հետևանքով վրաերթ է եղել:
Կատարվածի ականատես Սոնա Աղեկյանը պատմում է՝ փորձել են տղամարդուն թռուցիկ տալ, հրաժարվել է և վիրավորել երիտասարդներին, ինչից հետո վրաերթի ենթարկել. «Ես և մյուսները, որոնք առջևում էին արագ գնացինք այդ կողմ, որ հասկանանք՝ ինչն է խնդիրը, ու պատկերացրեք՝ կայծակնային արագությամբ մեքենայի տակ գցեց, ոչ չհասցրինք նկարել, միանգամից մեքենայի տակ գցեց մերոնց, բայց ավելի շատ տուժեց էն վարորդը, որը իջել էր իրավիճակն ավելի հանդարտեցներ»:
Ականատեսը դժվարացավ ասել, թե քանի մարդ է տուժել:
«Քերծվածքներ, կապտուկներ ունեն, արյուն էր բոլորի վրայից հոսում», - պատմում է Աղեկյանը:
Դեպքից երկու ժամ անց, երբ դեռ քննչական գործողություններ էլ չեն անցկացվել Ներքին գործերի նախարարությունը հայտնում է՝ տղամարդը ոստիկանական բաժնում ասել է, թե քաղաքական որևէ ուժի չի հարում:
«Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին», - տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: