Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի՝ մնո՞ւմ է Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։
«Մենք կհարգենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Բայց թող այդ ընտրությունը կատարվի», - ասել է Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
ՌԴ արտգործնախարարը անդրադարձել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, թե հանրաքվե կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ հարցը «սուր դրվի»։ «Եթե այդպիսի օրենք կա, ուրեմն դուք արդեն ինքներդ եք հարցը սուր դրել։ Այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», - պատասխանել է Լավրովը և հավելել․«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ խաղաղության աղավնի էր բաց թողնում, ասաց, որ չի կարող Հայաստանին ստիպել գնալ այս կամ այն կողմ»։
Լավրովը նաև պնդել է, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանի հարևաններին զրկել Մոսկվայի հետ համագործակցության առավելություններից։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա անցնում է Եվրամիության «կամ-կամ» տրամաբանության փորձությունը։
Վերջին օրերին Մոսկվան պարբերաբար հորդորում է Երևանին հստակեցնել՝ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Հայաստանին կոչ են արել հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ այս պահին նման հանրաքվե անցկացնելու տրամաբանություն չկա, քանի որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին մոտ չէ։ Նրա խոսքով՝ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ չէ։