Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Բրյուսովի նախկին ռեկտորը

Ձերբակալվել են նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական հետապնդում է հարուցել Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդու, Գասպարյանի և ևս երեք անձի նկատմամբ։

Ըստ ՔԿ-ի՝ խոսքը Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործի մասին է։

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Արդյունքում, ըստ իրավապահների, պետության սեփականությունից դուրս է բերվել Երևանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ մակերեսով անշարժ գույքն ու հողամասը։

Գույքի արժեքը գնահատում է ավելի քան 208 միլիոն դրամ։ Ըստ հաղորդագրության՝ այն հետագայում փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։

Իրավապահները պնդում են, որ գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել և գրանցվել Գագիկ Խաչատրյանի որդու անվամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով։