«Հայաստան» դաշինքի համախոհը ենթադրում է՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ իրեն ծեծի են ենթարկել քաղաքական հայացքների համար

Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի համախոհ Հակոբ Հարությունյանը ենթադրում է՝ երեկ երեկոյան Արթիկի քաղաքապետարանի դիմաց, իշխանական ՔՊ-ի գրասենյակի մոտ իրեն ծեծի են ենթարկել իր քաղաքական հայացքների համար:

Աչքի տակ կապտած է, ճակատի հատվածում, ասում է, կարեր են դրել բժիշկները, երեք տեղից պատռված է եղել: Պնդում է՝ ինքը հայացք է գցել անցորդների կողմը, որոնց մեջ նաև իրեն հարվածած երիտասարդն է եղել՝ Սիփան Գրիգորյանը: Նա վերադարձել է 15 րոպեից, պահանջել դուրս գալ մեքենայից, թե՝ խոսելու թեմա կա: Այդտեղ էլ սկսել է ծեծկռտուքը:

«Բա՝ «չտեսնեմ մյուս անգամ իմ ընտանիքին էդ հայացքով նայես, վիզդ կկտրեմ», ես ուզում էի հրեի, ինքը հարվածեց ինձ, էդ քաշքուկից հետո, կողքի հատվածում գտնվում է ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, այդտեղից մի ամբոխ էլ դուրս եկավ, այդ միջադեպն ավելի ծավալվեց», - պատմեց Հակոբ Հարությունյանը:

Իսկ ինչո՞ւ է ենթադրում, թե իր քաղաքական հայացքներն են երեկվա միջադեպի պատճառը, արդյոք որևէ պնդում եղե՞լ է միջադեպի ընթացքում. «Որովհետև ամբողջ ՔՊ-ական անձնակազմը հարձակվեցին վրես, չհասցրեցի ասել՝ լավ, արի տեսնենք ինչ է եղել, ինչու այսպես: Միգուցե իմ քաղաքական մոտեցումներն են եղել, ես ենթադրում եմ, որ այդպիսի իրավիճակ եղել է»:

Հակոբ Հարությունյանը մարտին, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, Արթիկում հակաճառել էր Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ իր քաղաքական հայացքների հետ բոլորն են ծանոթ, վարչապետի հետ այդ օրվա բանավեճին՝ նույնպես:

Իրեն ծեծի ենթարկող գլխավոր անձը՝ Սիփան Գրիգորյանը ՔՊ ցուցակում ընդգրկված թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է:

Սիփան Գրիգորյանի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել: Մեկնաբանություն չկարողացանք ստանալ նաև Շիրակում ՔՊ շտաբի պետ, մարզպետ Դավիթ Առուշանյանից, ինչպես նաև Արթիկի ՔՊ-ական քաղաքապետից՝ հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով: Ինչպես փոխանցեց խոսնակը՝ մեղադրյալ կամ մեղադրյալներ այս պահին չկան:

«Եթե այլ պարագայում այդ նույնն արած լիներ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, հիմա այդ մարդուն, իր ընտանիքին, հարազատներին, եթե որևէ կուսակցությունից լիներ, այդ կուսակցությունից էլ ևս մի 50 հոգի հետը փակ էին», - նշեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը նկատում է՝ իշխանականների անունը երեկվանից Արթիկի դեպքով շրջանառվում է, չկա դատապարտում:

«Մի մասն ասում է՝ քաղաքական հողի վրա, մի մասն ասում է՝ կենցաղային հողի վրա, չգիտեմ, բայց օրը ցերեկով մի խումբ ՔՊ-ականներ հարձակվել են Հայաստանի քաղաքացու վրա, ընդհանրապես կապ չունի՝ որ քաղաքական միավորի աջակից է: Չկա դատապարտում ՔՊ-ի կողմից», - ասաց Սաղաթելյանը: