Կաթողիկոսը բացառում է ճնշումների ներքո հրաժարական տալու հնարավորությունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բացառել է ճնշումների ներքո հրաժարական տալու հնարավորությունը:

«Ճնշումների ներգործության ներքո երբեք մենք նման քայլ չենք կատարի, թույլ չենք տա։ Մենք ուխտել ենք և մեր ուխտին հավատարիմ կանգնելու ենք պաշտպան մեր եկեղեցու իրավունքների։ Մենք թույլ չենք տա սխալ նախադեպ, որը կործանարար կարող է լինել մեր եկեղեցու, մեր ազգի համար՝ իր հետևանքներով», - ասաց Գարեգին Բ-ն։

Հարցին՝ «եթե այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը գա Ձեր դուռը, Դուք կընդունե՞ք, կներե՞ք նրա բոլոր մեղքերը», կաթողիկոսը պատասխանեց. «Պետք է հասկանամ՝ ինչ նպատակով է գալիս: Յուրաքանչյուր մեղանչող պետք է ապաշխարության շրջան անցնի, պետք է անդրադարձում ունենա և զղջա իր թույլ տված սխալների համար ու ներում ստանա երկնավորից»:

Իշխանություն - եկեղեցի լարվածության այս նոր փուլը սկսվեց, երբ վարչապետը 2025 թվականի մայիսին կառավարության նիստում պնդել էր, թե եկեղեցիները՝ «չուլանացված են»: Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու համար ու պնդում է՝ հեռանան հոգևոր ծառայությունից: Վարչապետի թիրախում հատկապես կաթողիկոսն է: Պահանջում էր, որպեսզի Մայր աթոռը պարզաբանի՝ արդյոք Գարեգին երկրորդը զավակ ունի՞: