NYT․ ԱՄՆ-ն օգնել է մոտ 70 նավի անցնել Իրանի կողմից արգելափակվող Հորմուզի նեղուցով

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը վերջին երեք շաբաթների ընթացքում օգնել է մոտ 70 առևտրային նավի անցնել Իրանի կողմից արգելափակված Հորմուզի նեղուցով, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունից օգտված նավերի մեծ մասը նեղուցով անցել է, երբ ազդանշային սարքերը անջատված են եղել։ Պաշտոնյաները չեն նշել անցման ժամկետներն ու երթուղիները՝ ասելով միայն, որ առնվազն մեկ դեպքում գործողությունն իրականացվել է Իրանի ափերից հեռու՝ Թեհրանի հարվածներից խուսափելու համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի օգնությամբ Հորմուզի նեղուցով անցած նավերի թիվը անհամեմատ փոքր է մինչև փետրվարի 28-ին Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատերազմի մեկնարկը այդ ջրային ճանապարհով անցնող նավերի թվից։

Համեմատության համար՝ մինչև ռազմական գործողությունների սկիզբը նեղուցով օրական անցնում էր ավելի քան 100 առևտրային նավ, իսկ այժմ, ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության, օրական անցնում է մոտ երեքը։