Հայաստանի դրոշը՝ «աշխարհի տանիքին». 24 տարի անց հայ լեռնագնացները կրկին նվաճեցին Էվերեստի գագաթը

Մայիսի 20-ին և 21-ին երկու հայ լեռնագնացներ Գևորգ Գասպարյանն ու Հայկ Մարգարյանը 24 տարի անց կրկին եռագույնը ծածանեցին 8848 մ բարձրության վրա։ Էվերեստի գագաթին 2002-ին կանգնած առաջին ՀՀ քաղաքացին Իգոր Խալաթյանն էր:

Մայիսի 20-ին ծագող արևին Գեվորգ Գասպարյանը նայեց Էվերեստի պատուհանից։ Առավոտյան 9:30-ին նա Հայաստանի դրոշը ծածանեց «աշխարհի տանիքին»։

Ընկերոջ խնդրանքը չմերժելով՝ 8848մ բարձրության վրա շարական երգեց` «այնքան, որքան շունչը հերիքեց»: Աշխարհը ոտքերի տակ էր, բայց բնության հզորությունն ու այդ ֆոնին իր փոքրությունն ամեն վայրկյան էր զգում։

«Ոչ մի լեռան հետ համեմատելի չէ այս վերելքը»,- ասում է 26 անգամ միայն Արարատը բարձրացած Գևորգը։ Այստեղ՝ ցրտին, քամուն, ձյանը, ցածր թթվածնի պայմաններին դիմանալու օրերը մի քանի անգամ բազմապատկվում են։ Աշխարհի ամենաբարձր լեռան միայն վերելքը տևել է 52 օր։

Նրա հետ օրերը հաշվում, ճամբար առ ճամբար դեպի գագաթն էին բարձրանում սոցցանցերում ոգևորող հետևորդներն ու ընկերները։

Ապրիլի 30-ին, գարնանային սառը Էվերեստում սուրճ խմելուց ու 3880մ-ի վրա ակլիմատիզացիայից բացի, Գևորգը դաշնամուրին է մոտենում, «Երազը» հնչեցնում։

Փորձառու լեռնագնացի վախը Էվերեստը մի քանի անգամ է չափել. առնվազն 3 անգամ «մահին է հանդիպել»։ Առաջինը՝ դեպի 6400 մետր ճամբար տանող ճանապարհին։ Այստեղ լեռնագնացների 30 տոկոսը հետ է դարձել, բայց ոչ Գևորգը։

Նա երկրորդ անգամ պիտի հրաշքով փրկվեր, այս անգամ գագաթից վայրէջքի ճանապարհին, երբ իրեն կցված օգնական շերպան վատ զգալու պատճառով ներքև էր շտապել՝ իր հետ տանելով պահեստային թթվածինները։

Վերջին՝ 3-րդ անգամ մահվան աչքերին նայել է 5600 մետրի վրա՝ ճամբար չհասած:

Մայիսի 20-ին Էվերեստ լեռ է բարձրացել ռեկորդային թվով՝ 274 լեռնագնաց ու ուղեկցորդ, սմենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ գրանցվել է նեպալական կողմից աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրանալու համար։

Նեպալն այս տարի Էվերեստ բարձրանալու 494 թույլտվություն է տրամադրել, յուրաքանչյուրն արժե 15,000 դոլար։ Գևորգը փաստում է՝ այս տարի սահմանափակումները չեն գործել, ով վճարել, եկել է։

Գևորգի՝ գագաթը նվաճելու հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Էվերեստի գագաթ է հասել ևս մեկ հայ՝ ՀՏ Հայկո անունով հայտնի ռեփեր, վերջին տարիներին ակտիվ լեռնագնաց Հայկ Մարգարյանը, ով խոստացել է փաստագրական ֆիլմով պատմել իր վերելքի մասին։

Գերհամբերատարություն պահանջող այս վերելքն ինքնանպատակ չէր, այդ ընթացքում Գևորգը դրամահավաք է սկսել 3 անապահով ընտանիքների համար, առաջին ընտանիքի տան շինարարության գումարը հավաքվել է, այս պահին շարունակվում է մյուս երկուսինը։

Վերջին 2 ամսում օտար լեռների սառույցի ու ձյան համը տեսած Գևորգի ծարավը չի հագեցել, տուն հասնելուն պես՝ մի կուշտ ջուր է խմել։

Այսօր Էվերեստի միջազգային օրն է. 1953թ-ի մայիսին 29-ին նորզելանդացի լեռնագնաց Էդմունդ Հիլարին և նեպալցի շերպա Թենզինգ առաջին անգամ նվաճեցին աշխարհի ամենաբարձր գագաթը։