ԱՄՆ ֆինանսների նախարար հայտարարել է, թե խոսել է Օմանի դեսպանի հետ, որը վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցով նավերից տուրքեր գանձելու նպատակ Օմանը չունի:
«Առավոտյան զանգահարեցի Օմանի դեսպանին, և նա վստահեցրեց ինձ, որ նեղուցը վճարովի դարձնելու ծրագրեր չկան։ Ինչպես նա ասաց, մեր երկրները 200 տարվա լավ հարաբերություններ ունեն։ Նա ցանկանում է, որ դրանք շարունակվեն ևս 200 տարի»,- ասել է Սքոթ Բեսենթը:
ԱՄՆ նախագահը կառավարության նիստին երեկ հայտարարել էր, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Օմանը, չպետք է վերահսկի Հորմուզի նեղուցը, քանզի դրանք միջազգային ջրեր են: Դոնալդ Թրամփը սպառնացել էր «պայթեցնել» Օմանը, եթե նրանք միանան Իրանին և փորձեն նեղուցով անցնող նավերից տուրքեր գանձել:
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև ասել է, որ ծովային նավարկությունը պետք է լինի ազատ և բաց, ինչպես նախկինում էր։ «Այնպես որ, նախագահը չի համաձայնի վատ գործարքի։ Նա հիանալի գործարք է կնքելու ամերիկյան ժողովրդի համար»,- վստահեցրել է Սոքթ Բեսենթը։
Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմն անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, միմյանց է կապում Պարսից և Օմանի ծոցերը և գտնվում է Իրանի և Օմանի միջև: Իրանը համարում է, որ նեղուցն ամբողջությամբ իր և Օմանի տարածքային ջրերում է, հետևաբար՝ իրենք պետք է վերահսկեն այն: Մինչդեռ ԱՄՆ-ն պնդում է, որ դրանք միջազգային ջրեր են, և ոչ մի երկիր չպետք է վերահսկողությունը ունենա ջրային այս կարևորագույն ուղու նկատմամբ, որն Իրանը մասամբ փակ է պահում պատերազմից սկսվելուց ի վեր: