Անկլավների թեման քարոզարշավի օրակարգում. Տիգրանաշենում պնդում են՝ «ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել»

Երևանյան թոհուբոհից կտրված Տիգրանաշենում ոչ հեռուստացույց են ուզում միացնել, ոչ էլ սոցցանցերի քննարկումներին հետևել։ Բայց ականջներին հասել է՝ իրենց բնակավայրը նորից քաղաքական առևտրի թեմա է դարձել, այս անգամ ընտրարշավի ընթացքում... և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն առիթը բաց չթողեցին անկլավների թեման օրակարգ բերելու համար։

«Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Տիգրանաշենը հանձնելու է, սա չափազանցություն չէ», - ասել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ... Հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարություններից այն կողմ՝ Տիգրանաշենում ապրողների պնդմամբ՝ ո՛չ ընդդիմությունից, ո՛չ իշխանությունից մարդ ոտք չի դրել իրենց գյուղ... թեև և՛ իշխող ՔՊ-ն, և՛ Տիգրանաշենի կորուստը գուժող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Վայոց ձորում քարոզարշավ իրականացնելիս անցել են փոքրիկ գյուղի կողքով։

«Ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել, որ գյուղը հանձնում են կամ չեն հանձնում», - ասաց բնակիչներից մեկը:

Չտեսանկարահանվելու պայմանով մեկ այլ բնակիչ էլ ասաց. «Եթե Տիգրանաշենը տվեց, պիտի Արծվածենը տան, ես մեծ հաճույքով կգնամ Արծվաշեն, որովհետև բնությունով հարուստ տարածք է, լիճ կա, ավելի մեծ տարածք է, քան Տիգրանաշենը»:

Ադրբեջանական մեդիան ու փորձագիտական դաշտը թեման վերջերս դարձյալ ակտիվացրել է: Բաքուն շարունակում է պնդել, որ Քյարքին «Ադրբեջանի անկլավ» է և պետք է վերադարձվի սահմանազատման գործընթացի շրջանակում։

«Հայաստանին կա վարչապետ, էդ մարդուն անցյալ տարի հարց են տվել՝ «Տիգրանաշենի հարցը ո՞նց կլինի», մարդն էլ ասաց՝ «քարտեզը դնելու ենք, նայելու ենք, թուրքն էլ, մենք էլ, եթե իրանցը եղավ, Քյարքին տալու ենք», չի ասում՝ Տիգրանաշեն: Ես ի՞նչ ասեն, էլ դրանից բարձր ի՞նչ ասեմ», - նշեց բնակիչներից մեկը:

Բարդ իրավիճակ է, եզրահանգեց 90-ականներից այստեղ տուն-տեղ դրած, մրգերի այգի տնկած տարեց տղամարդը, որը թույլատրեց նկարահանել միայն կանաչով հարուստ տնամերձը: Եթե սա էլ պիտի կորչի... չավարտելով միտքը շարունակեց՝ 40 տարիների ընթացքում 2 տուն ձեռքից տարել են. «Երկու հատ տուն եմ կորցրել, 2000 դրամ պետական աջակցություն չեմ ստացել: Եկել եմ այստեղ, հիմա մեկը գալիս տենց է ասում, սենց է ասում, ի՞նչ անենք, մենք ո՞վ ենք: Ստեփանակերտում մարդ է եղել մի ապակուն 6000 փող է տվել, իմ եղած-չեղածս 6000 դոլար փող չի կազմի, եթե ինքը կարողացել ա դուրս գա, գա ստեղ ապրի, մենք էլ կապրենք էլի մի ձև»:

Հնաբնակներից լավատես է Ազատուհի Հովհաննիսյանը։ Գյուղում շշուկներ կան, թե միակ դպրոցը փակվելու է։ Հարևան Սևակավանում նորն են կառուցել, այս գյուղում էլ 2 աշակերտ է մնացել։ Բայց տիկին Ազատուհին ուզում է հավատալ, որ թեկուզ 1 երեխայի համար հին դպրոցը կմնա...Կարևորը, ըստ տիկնոջ, խաղաղություն է...

Մտահոգություններից մեկն էլ այն է, որ Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև այնտեղով անցնում է դեպի Սյունիք տանող հիմնական ճանապարհը:

«Ես շատ եմ եղել Կապանում ու տեսել եմ, որ այնտեղ էլ ադրբեջանցիները կանգնած են, մեր վարորդները գնում են անցնում են, գալիս են, իմ եղբայրը հազար անգամ զանգել, ասել է՝ թուրքերի միջով եմ անցնում, անցնեմ՝ կզանգեմ: Հա ի՞նչ կա, պետք է վերջապես էդ խաղաղությունը լինի, թե՞ չէ», - ասաց Ազատուհի Հովհաննիսյանը:

Հարևաններով այս թեմայի շուրջ աշխատում են չզրուցել... ժայռերի մեջ տեղավորված, մայրաքաղաք Երևանից մոտ 110 կմ հեռավորության վրա գտնվող այս փոքրիկ գյուղի կյանքը քաղաքական օրակարգից դուրս են ուզում պահել...

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սաղաթելյանը՝ Վայքում. «Եթե այս իշխանությունը մնաց, այս ճանապարհով չենք հասնի Վայք»Ընդդիմադիրներն արձագանքում են անկլավների թեմայով Փաշինյանի հայտարարությանըՏիգրանաշենն արցախցիների բնակարանային ծրագրի նախընտրելի բնակավայրերի երկու ցանկերում էլ չկա