Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է ՀՀ բանակի նոր զինանշանը:
Այս փոփոխությունը, ըստ հրապարակման, բանակի կերպափոխման շրջանակում է: Տեսանյութում պնդում են, թե նախորդ զինանշանն ուներ մի շարք թերություններ:
Զինանշանի նոր տարբերակում ավելացել է Հայաստանի քարտեզը, փոխվել դրոշի ու արծվի ներկայացման ձևը: Ըստ ՊՆ-ի՝ նոր զինանշանում հստակ երևում են արծվի մարմինը, գլուխը, թևերը, ճանկերը՝ «հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները»:
Արծվի նոր կեցվածքը, ըստ ռազմական գերատեսչության, խորհրդանշում է Հայաստանի բանակի «արթնությունն ու մարտական ոգին»: Արծվի կրծքի կլոր, ոսկեգույն վահանը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, կենտրոնում սերմնահատիկն է, որ մարմնավորում է ապագա զինվորներին:
Նախորդ զինանշանն ընդունվել էր 2001 թվականին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բանակի այս նոր զինանշանը մինչ ՊՆ-ի պաշտոնական ներկայացումն արդեն կիրառվում էր, օրինակ՝ Մայիսի 28-ին ընդառաջ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառների վրա: